Ֆիզիկական ու իրավաբանական անձանց արգելվում է գործածել Կարմիր խաչի խորհրդանշանը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը (ԿԽՄԿ) տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։
Ցանկանում ենք հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։
Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ լրացուցիչ արձանագրություններին ու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված՝ խորհրդանշանի գործածության կանոններին։ Խնդրում ենք զերծ մնալ նման քայլերից։
Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու