ՀՀ-ում ռուսական բազան այսօր զսպում է ավելի մեծ հարձակումն արդեն անմիջապես Հայաստանի վրա. Արման Ղուկասյան
«Սեպտեմբերի 27-ից հետո փոխվել են այն ժամանակները, երբ Հայաստանը կարող էր ապրել նույնիսկ փակ սահմանների դեպքում և քիչ թե շատ ավելի կայուն վիճակում»,- այսօրվա ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։
Ըստ նրա, Հայաստանն այսօր և դեռ երկար ժամանակ կանգնած է լինելու լուրջ մարտահրավերների առջև. «Սա պետք է հասկանանք, ունենանք դրա համար ավելի երկարաժամկետ տեսլական այս մարտահրավերին պատասախանելու, պատրաստ լինելու համար»։
Ա. Ղուկասյանն ընդգծեց, որ տարածաշրջանում լուրջ և որակապես նոր դեր է ստանձել Թուրքիան։
«Իհարկե, դերն ապակառուցողական է, ուղղված է միայն մեր տարածաշրջանն անկայունացնելուն։ Դա արվում է, իհարկե, ահաբեկիչներ ներմուծելով Հարավային Կովկաս։ Հարավային Կովկասը դարձնել է այն տարածաշրջանը, որը շատ կնմանվի Մերձավոր Արևելքին։ Տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են մեծ ռիսկերի առջև, ամեն օր տեսնում ենք ապակայունացման միտում, ինչը վերջում կարող է բերել քաոտիկ վիճակի ողջ տարածաշրջանում»,- ասաց Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով, այստեղ կարևոր է Ռուսաստանի դերը։ Նա ասաց՝ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ հայ-ռուսական հարաբեությունները կարևոր նպատակ ունեն, այն է՝ ոչ միայն այդ հարաբերությունները պիտանի ու կարևոր էին Հայաստանի անվտանգության տեսանկյունից, այլ կայունություն էր ապահովում ողջ տարածաշրջանում։
«Ռուսաստանը հենց այս կոնֆլիկտի պարագայում էլ ցույց տվեց, որ միակ գերտերությունն է, որ իսկապես ռեալ ջանքեր է գործադրում այս կոնֆլիկտը դադարեցնելու համար, իսկապես զսպում է Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը ՌԴ Զինված ուժերի կողմից Սիրիայում թուրքամետ տարբեր ահաբեկչական օջախներին վնաս հասցնելը շաղկապում է ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։ Նաև՝ ՌԴ-ն հայտարարել է, որ մասամբ արգելելու է թուրքական ու ադրբեջանական գյուղատնտեսական մթերքը, ինչը, ըստ Ա. Ղուկասյանի, շատ մեծ վնաս է իրենց տնտեսությանը, ուղիղ մեսիջ է Անկարային և Բաքվին, որ իրենք պետք է դադարեցնեն կոնֆլիկտը, չգնան էլ ավելի սրմանը։
«Սրանք երևացող քայլեր են։ Կան շատ քայլեր, որոնք չեն երևում»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը։
Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները կարևոր բաղադրիչ ունեն Հայաստանի անվտանգության, տարածաշրջանում կայուն վիճակի համար, թեև որոշ վճարվող գործիչներ ասում էին՝ Հայաստանը պետք է խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այստեղից պետք է դուրս գա ՌԴ բազան։
«Այսօր տեսնում ենք, թե ինչի համար է պետք, որ Հայաստանում լինի ռուսական բազա, որն այսօր զսպում է ավելի մեծ ու լայնամասշտաբ հարձակումն արդեն անմիջապես Հայաստանի վրա»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նաև անդրադարձավ այն կոչերին, թե ինչու ՌԴ-ն անմիջապես բախման չի գնում Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, եթե այդպիսի բան լինի, կնշանակի, որ Հայաստանը վերածվում է լուրջ ռազմական թատերաբեմի, քանի որ եթե ՌԴ-ն ուղղակի միջամտի, կնշանակի՝ ուղիղ բախում Թուրքիայի հետ, այսինքն՝ ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ։ Ա. Ղուկասյանի խոսքով, այս ամենը չի բխում հենց ՀՀ շահերից։
Նա ասաց, որ շատ երկրներ, որոնց վրա որոշ գործիչներ հույս էին դնում, այդ երկրներն ուղղակի կեղծ հայտարարություններ են անում, այն էլ՝ եթե հայկական սփյուռքը չլիներ, արձագանք չէր էլ լինի։
«Ռեալ ջանքեր անձամբ չեմ տեսնում այդ երկրների կողմից, միակ ռեալ ջանքերը տեսնում եմ Ռուսաստանի կողմից»,- շեշտեց Ա. Ղուկասյանը։
Նրա կարծիքով, վերջին 2-2,5 տարում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի անկում են ապրել, այժմ արդեն նպատակ պետք է դնել դրանք բարձրացնել նոր մակարդակի, այնպես անել, որ երկարաժամկետ առումով հայ-ռուսական հարաբերությունները լինեն ամուր, կայուն։
«Հայաստանը դեռ երկար ժամանակ և երկար տարիներ ունենալու է մարտահրավերներ, հայ-ռուսական հարաբերություններն այն երաշխիքն են, որոնք մեզ թույլ կտան այդ մարտահրավերներին արձագանքել ավելի կայուն, ավելի սահուն անցնել այդ գործընթացների միջոցով»,- ասաց Արման Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, կուսակցության ղեկավարը նշեց, որ խաղաղապահների նպատակն այն է, որպեսզի կոնֆլիկտի կողմերը դադարեցնեն կրակը, վիճակը որոշ առումով լինի կայուն մինչ կոնֆլիկտի վերջնական լուծումը։
Նրա կարծիքով, խաղաղապահների տարբերակը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար ընդունելի է, նաև Ադրբեջանից են որոշ ակնարկներ եղել, որ կարող է ընդունելի ձևաչափ լինել, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչ որոշում կկայացվի։
Արման Ղուկասյանի կարծիքով, այս պատերազմում մեզ սպասվում է հաղթանակ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են
- Սուրենյանց. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ
- Արման Ղուկասյան. Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ
- Հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը. վարչապետ