ՀՀ ազգային հերոս Գարեգին Պողոսյան. Սա իմ կոչումը չէ, այլ իմ զորամասի
«Մեր հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ մեր մարտական ոգին բարձր է, մենք պատրաստ ենք ջախջախելու հակառակորդին, պարտավոր ենք հաղթելու ու հաղթելու ենք»,- «Զինուժ» մեդիային տված հարցազրույցում ասում է ՀՀ ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանը:
Նա նշում է՝ համոզված լինեն բոլորը, որ հայկական բանակը հզոր է, ամուր է, կանգուն է, և պատրաստ է կատարել իր առաջ դրված խնդիրները։
«Առաջիկա անելիքներն ու նպատակներն այն է, որ հետ վերցնենք մեր նահանջված տարածքները, հասնել մեր խրամատներին, որտեղից ետ ենք եկել, ինչու չէ, առաջ շարժվել դեպի հակառակորդի տարածքները»,- ասում է Գարեգին Պողոսյանը:
Նա նշում է, որ զորամասն ամբողջ հրետանու խմբավորմամբ ջախջախել է հակառակորդի հրետանային, ականանետային, ռեակտիվ մարտկոցները, ինչը մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի մեր հետևակը կարողանա լիարժեք մարտ վարի, թույլ չեն տվել հակառակորդի առաջ շարժումը խորքից։
Գարեգին Պողոսյանն ասում է, որ Ազգային հերոս կոչումը իր կոչումը չէ, իրենը չի, այլ իր զորամասի, իր ընդհանուր անձնակազմի ձեռք բերված հաջողություններն են, որը վաստակել են համախմբված կոլեկտիվ կազմով, բոլորինն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Հայրենիքի շքանշանը տրվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց:
Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում, այնուհետև ռազմական կրթությունն ու զինվորական կարիերան շարունակել տարբեր ռազմական հաստատություններում և հայկական զինված ուժերում: