Զինվորն ու նկարիչ Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը»
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է զինվորի լուսանկար և ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավի լուսանկար։ Նա այդպես զուգահեռ է անցկացրել նկարների միջև, որում ներկայացված մարդիկ խնամում են բույսը։
ՖԲ օգտատեր Ալեքս Սարգսյանն էլ գրում է, որ դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․ Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:
«Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը»,- գրել է Ա. Սարգսյանը։
«Մարդը և բույսը», 1962 թ., կտավ, յուղաներկ, 104X70սմ, հեղինակի հավաքածու, Երևան