Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը առաջին հերթին բարոյական նշանակություն ունի. Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա նշել է, որ արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:
«Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ: Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:
Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ:
Համոզված եմ, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված մեր ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ-ն Արցախի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է միջազգային գործընկերներին
- Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
- Լոս Անջելեսում հազարավոր հայեր դուրս են եկել փողոց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
- Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան