Սեյրան Օհանյան. Շարունակում եմ իմ ծառայությունը
«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,- Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ ասել է Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր. «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է:
Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր՝ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը. «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը»։ Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել «Արցախի հերոս» գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը չի վիրավորվել. նրանից ստացած հերթական դասը թշնամու համար շատ ցավոտ է եղել. Պողոսյան
- Շուշի բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին