Պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել. ՊՆ ներկայացուցիչ
«Մատաղիսի ուղղությամբ այսօր կրկին որոշակի հարձակումներ եղել են, ոչ մեծ քանակով ու նոր ուժով, բայց հարձակումներ եղել են»,- այսօր «Հ1»-ի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հակառակորդը կիրառել է որոշակի սարքավորումներ, հրետանի բայց հաջողության չի հասել:
«Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մեջ մտցրին, զրահատեխնիկայի կորուստ ունեցան և հետ շպրտվեցին: Մարտունու ուղղությամբ կուտակումներ կային, և ես օրվա ընթացքում սպասում էի 2-րդ հարձակմանը, բայց, կարծես, չեղավ: Հնարավոր է, որ դա վաղը լինի, չգիտեմ, իրավիճակը շատ արագ զարգանում է»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը, ապա հավելեց ՝ նույն ժամանակ Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ մեր այն բնագծերում, որոնք միագիծ չեն, ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում և կուտակումներ կան անգամ հիմա.
«Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող է գիշերն էլ գնան, վաղն էլ շարունակվի: Բայց այնտեղ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք վերցնել։ Երևում էր, որ այսօր շատ ավելի համառ էին գրոհում, թե՛ Մարտունու ուղղությամբ, թե՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք, բայց հաջողության չհասան։ Եթե այս տեղամասերից որևէ մեկում մենք կարողանանք ռեալ բեկում մտցնենք, ապա հնարավոր է, որ իրավիճակ փոխվի միանգամից»։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ այսօր ամբողջ օրվա ընթացքում վիճակը նորմալ է եղել, մարդիկ շարունակում են ապրել, գործել, ռազմական կառույցները իդեալական՝ ժամացույցի պես աշխատում են:
«Երեկ ու այսօր մեծ կրակով «Սմերչի» ու «Գրադի» հրթիռներ, հրետանային այլ միջոցներ կիրառվել են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց ՝ մենք այնպիսի մարդկային կորուստներ չենք կրում, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ.
«Բարեբախտաբար պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել, որովհետև ավելի խելացի և ավելի փորձառու ենք կռվում, մեր տեխնիկական հնարավորությունները մի փոքր լավացել են և մենք կարողանում ենք չեզոքացնել շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան