Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Պետրոսյան
Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեղեկացնում է, որ Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր:
«Շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- գրել է Հ.Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար թիրախավորվում ու հրթիռակոծվում է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, մշակութային հուշարձանն ակտիվ ռազմական գործողությունների գոտում է։ Ավելի վաղ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Տիգրանակերտի տարածքը՝ մոտ 4 կմ, անընդհատ հրետակոծվում է, այս պահին չի կարող ճշգրիտ ասել, թե որ տեղամասում ինչ վիճակ է։
«Մեր հանգրվանը, որը նույնպես հուշարձանի տարածքում է՝ թանգարանից, Տիգրանի կառուցած պարիսպներից մոտ 200 մետր է հեռու, հրետակոծվել է, քարուքանդ է եղել։ Հիմա չգիտենք, թե ինչ իրավիճակ է մնացած տեղամասերում։ Միայն ենթադրում ենք, որ հաստատ վնասներ կան, քանի որ սարն անընդհատ հրետակոծվում է։ Հիմա հնարավոր չէ հուշարձանի հիմնական հատվածներն ուսումնասիրել, գնահատել»,- նշել էր հնագետը։
Հարակից հրապարակումներ`
- Համլետ Պետրոսյան. Այս պահին չենք կարող ճշգրիտ ասել, թե Տիգրանակերտի հուշարձանում ինչ վիճակ է
- Հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է