Նախարար. Արցախցի աշակերտների ուսուցումը նոյեմբերի 13-ից առցանց կկազմակերպվի
«Այս պահին մենք շարունակում ենք կերտել մեր պատմութունը, և հստակ գիտենք, թե ուր ենք գնում»,-Երևանում ասուլիսն այսպես սկսեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Ոլորտի պատասխանատուն հավելեց, որ այս օրերին չեն կարող անուս թողել երեխաներին՝ վնասելով նրանց ապագան։
Արցախի նկատմամբ սանձազերծած թուրքա-ադրբեջանական-ահաբեկչական ռազմական ագրեսիայի հետևանքով ավերվել են ավելի քան 70 դպրոց, տասից ավելի մանկապարտեզներ, մոտ այդքան էլ մշակութային կենտրոններ։
«Պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուս, մոտ 30 հազար երեխայի կրթության իրավունք է խախտվել։ Մենք մտածում էինք, որ օր առաջ կվերադառնանք մեր հայրենիք, բայց քանի որ պատերազմը շարունակվում է, որոշել ենք կրթության գործընթացն առաջիկայում կազմակերպել Հայաստանում»,-ասաց Լ. Ղարախանյանը։
Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությամբ սկսել են հաշվառել արցախցի երեխաներին, գնահատել նրանց կրթական կարիքները։
«Նախատեսում ենք նոյեմեբրի 13-ին սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը»,-նշեց արցախցի նախարարը։
Այս պահին հստակ է, որ 5-12-րդ դասարանցիները կպարապեն առցանց, տարրական դասարանների ուսուցման ձևի մասին առաջիկայում դեռ հայտարարություն կլինի։
Արցախի պետական համալսարանը նոյեմբերի 10-ից կսկսի առցանց պարապմունքները, Շուշիի տեխնոլոգիական ու Մեսրոպ Մաշտոց համալսարանները սկսել են պարապմունքները, դասավանդողները նույն մարդիկ են՝ բուհերի պրոֆեսորդասախոսական կազմից։
Նախարարը խոստանում է, որ առաջիկայում կկազմակերպվի նաև արհեստագործական հաստատությունների ուսանողների կրթական գործընթացը։
«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ դասախոսներին, որոնք պատերազմի հենց առաջին օրից նախաձեռնել ու անցկացնում են առցանց պարապմունքեր։ Մենք տրոհված ու անկազմակերպ լինելու իրավունք չունենք։ Ի հակառակ մեր թշնամու՝ մենք կշարունակենք ամեն բան անել անպաշտպան վիճակում գտնվող երեխաների ապագան փրկելու համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս է կազմակերպվելու արցախցի դպրոցահասակների և ուսանողների կրթությունը
- Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից. Արցախի ՄԻՊ
- Թուրք-ադրբեջանական ահաբեկչության պատճառով խախտվել է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք.ԱՀ ԿԳՄ նախարարություն
- Ահազանգ. Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից