Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում մեկնարկել է «Մատ տեռորին» միջոցառումը
Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ անցկացվում է «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառումը։
Այն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախում զոհված մարտիկների։
Միջոցառման ընթացքում Արոնյանը և արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնեն միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
«Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»,-մեկնարկին հայտարարեց Լևոն Արոնյանը։
Նրա խոսքով, այսօր հայերն ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ են, քանի որ մեր դեմ կիրառվում են անմարդկային ու դաժան միջոցներ։
«Ես ուզում եմ՝ այսօր դուք իմանաք, տեսնեք, որ մենք ունենք այսպիսի հրաշալի մանուկներ, որոնք մեզ հետ շախմատ են խաղալու»,-ասաց գրոսմյաստերն ու հավելեց, միջոցառման ընթացքում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քառյակի կենդանի կատարմամբ կհնչի դասական երաժշտություն։
Արոնյանն իր բացման խոսքում ընդգծեց՝ սա նաև մշակութային պատերազմ է, և ամեն Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքին պետք է ունենանք Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան։
«Մենք պետք է յուրաքանչյուրս մեր բնագավառում լինենք լավագույնը։ Համոզված եմ, որ չարը կհաղթահարենք»,-ասաց նա՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել միջոցառմանը։
Խոսքը չավարտած՝ բազմաթիվ մարդիկ արդեն գնած գրքերը ձեռքին մոտեցան շախմատիստին նրա ստորագրությունը ստանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին