Վստահ եմ՝ մեր զորքը փառքով է ավարտելու Շուշիի ճակատամարտը. Արծրուն Հովհաննիսյան
«Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։ Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրադրությունը ռազմաճակատում։
Նրա խոսքով, մարտերը եղել են բավականին ինտենսիվ։ Նա նշեց, որ նախ հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով հետ են շպրտվել։
«Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան՝ որոշակի հաջողություններից հետո, մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել և հետ շպրտել ելման գծեր. թշնամին կրել է զգալի կորուստներ։ Շուշիի մեջ և շրջակա տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է։ Այսօր սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին։ Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ ՊՆ ներկայացուցչի, այս պահին էլ մարտեր ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները. «Գիշերային ժամերին արդեն երրորդ, չորրորդ օրն է՝ Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է...։ Այս պահին մարտերը շարունակվում են»։
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Հարց. Շուշին իր դիրքով հայտնի է որպես անառիկ բերդաքաղաք։ Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչպես է ադրբեջանական կողմին հաջողվել ներթափանցել քաղաք։ Արդյո՞ք խոսքը միայն մարդուժի, թե՞՝ նաև զինտեխնիկայի մասին է։
Ա. Հովհաննիսյան. Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մարնամասներ չհայտնեմ։ Այսօր Ալիևի հայտարարությունից հետո ցանցում եղել են տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ. ես խնդրել եմ, ու նորից խնդրում եմ... մեր զորքեր, մեր հրամանատարները կռվում են անձնուրաց, շատերը՝ նույնիսկ խախտելով մարտավարության կանոններն ու տրամաբանությունը, զենքը ձեռքներին գնում և մեր զորքերի կողքին անձնուրաց կռվում են, խփում հակառակորդի տանկն ու զրահամեքենան։ Հրամանատարը մինչև վերջին փամփուշտն իր զինվորի հետ կռվում է։ Հետևաբար՝ չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին։ Վստահ եմ՝ մեր զորքը փառքով է ավարտելու Շուշիի ճակատամարտը, և մենք հաղթելու ենք։
Հարց. Այսօր լուրեր տարածվեցին Մարտունու ուղղությամբ հայկական ուժերի որոշակի առաջխաղացման մասին։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։
Ա. Հովհաննիսյան. Հակառակորդին առավոտյան հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ ունենալ Մարտունու ուղղությամբ։ Բայց հակառակորդը նորից հետ է շպրտվել։ Առանձին նշանակալի բարելավում տեղի չի ունեցել։ Ներթափանցման երկու փորձ է եղել՝ մեկը Ճարտարի ուղղությամբ, մյուսը՝ Մարտունի քաղաքի։ Երկուսն էլ կասեցվել է։
Հարց. Այսօր ասացիք, որ վաղը Շուշիի համար ճակատամարտը կավարտվի։
Ա. Հովհաննիսյան. Ես չասացի կավարտվի, այլ ասացի՝ հուսով եմ՝ կավարտվի, դրանք տարբեր բաներ են։ Ընդհանուր առմամբ, օպերատիվ իրավիճակն իմանալով, ես հուսով եմ, որ կավարտվի Շուշիի համար զօր ու գիշեր տեղի ունեցող ճակատամարտը։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել. ՊՆ ներկայացուցիչ
- Ինձ թվում է՝ վաղը կավարտի Շուշիի համար ճակատամարտը. Արծրուն Հովհաննիսյան
- Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
- ՊՆ ներկայացուցիչ, Շուշիում մարտերը շարունակվում են
- Մարտունու ուղղությամբ կորցնելով մեկ երկու զրահատեխնիկա՝ թշնամին հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին