Կորոնավիրուսով հիվանդների 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից. Արսեն Թորոսյան
«Այսօր՝ ժամը 9-ի դրությամբ մենք ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին, որ ստանան կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի, հիվանդների մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում է տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում են տանը:
«Նրանցից 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր իրավիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը կրկին հոսպիտալիզացիայի ուղիղ ցուցում է, և նրանց վիճակը բնութագրվում է մոտ ծանրին կամ ծանր»,-ասաց նախարարը:
Նկատելով, որ առողջապահական համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ՝ Արսեն Թորոսյանը շեշտեց, որ առաջնային խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներին հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ մյուսներին փորձել բուժել տանը:
Ըստ Արսեն Թորոսյանի, համապատասխան կենտրոնը փորձում է այս հերթը հնարավորինս փոքրացնել, բայց այն վերջին օրերին միայն ավելանում է, քանի որ աճում է նաև վարակված քաղաքացիների թիվը:
Նրա խոսքով, այն պայմանավորված է հասարակության կողմից սահմանափակումները չպահպանելով, մասնավորապես՝ նաև հուղարկավորությունների ժամանակ:
«Նոր միջացառում, որ թվերը զսպվեն, ես, անկեղծ ասած, հիմա չեմ պատկերացում»,- նկատեց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով, թեև համակարգն աշխատում է գերլարված և գերմոբիլիզացված վիճակում, բայց ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման մասով թերացում չկա:
«Չկա գեթ մեկ վիրավոր կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում և չի ստացել պատշաճ բուժօգնություն»,- հայտարարեց առողջապահության նախարարը:
Անդրադառնալով թեստերի գներին՝ Թորոսյանը հայտնեց, որ մինչ այս իրականացված 441 174 թեստերի առյուծի բաժինը՝ 65-70 տոկոսը արվել է անվճար՝ պետական բյուջեի և որոշ նվիրատվությունների հաշվին:
Ըստ նախարարի, թեստավորումն անվճար է այն քաղաքացիների համար, որոնք ունեն բժշկական ցուցումներ, իսկ վճարովի թեստեր արվում են Հայաստան ժամանած այն քաղաքացիներին, որոնք չունեն վերջին 72 ժամվա ընթացքում հանձնած թեստի արդյունքներ, նաև սեփական ցանկությամբ թեստավորվողներին, կամ կազմակերպությունների նախաձեռնությամբ թեստավորվող աշխատակիցներին:
Թորոսյանը նշեց, որ թեստերի գների վրա ազդելու լիազորություն նախարարությունը չունի, իսկ տնտեսական մրցակցության համապատասխան մարմինները հաստատում են, որ 15000 դրամը իրական գին է:
«Ուզում եմ մի լուր հայտնել, որը հավանաբար կբերի PCR թեստերի գների իջեցմանը: Այն նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան և ողջ աշխարհ»,- տեղեկացրեց Արսեն Թորոսյանը և նկատեց, որ դրանք արագ են և կրկին քսուկի միջոցով է արվում: Նախարարը հայտնեց, որ Հայաստանը ստանալու է նման 50 հազար թեստ:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ-ի ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով. նախարար
- Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է. Արսեն Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա