Ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք. ՊԲ ներկայացուցիչ
«Վերջին երեք-չորս օրերեի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին և վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել մեծ կորուստներ։ Այդ հատվածում ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողի։
«Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։ Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։
Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ ևհրետանային միջոցներ»,- ասաց Ս. Սարումյանը։
Նա հայտնեց, որ ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։
«Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։
Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկություններին և աղբյուրներին»,- նշեց ՊԲ ներկակյացուցիչը։
Ս. Սարումյանն ասաց, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք. «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար»։
Նա ընդգծեց, որ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու։
«Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը։ Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով և պատրաստ են մինչև վերջ պաշտպանել հայրենիքը, կատարել իրենց պարտքը»,- նշեց նա։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, ինչպես միշտ, անհաջողություններ կրելով մարտադաշտում, հակառակորդը փորձում է դա փոխհատուցել խաղաղ բնակավայրերին հասցնելով հարվածներ, կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, որտեղ չկա որևէ ռազմական օբյեկտ, ինչը միանշանակ ռազմական հանցագործություն է, պատերազմական օրենքների խախտում։
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ Վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- ասաց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող
- Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու ձեռնարկած գրոհը կասեցվել է. ՊՆ խոսնակ
- Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
- Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը ոչնչացվում է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիի մերձակայքում ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին զրկում են նախաձեռնողականությունից
- Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է. ՊԲ
- ՊԲ-ն թշնամու երկու ԱԹՍ է խոցել. ՊՆ խոսնակ
- ՊԲ-ն խոցել է թշնամու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
- Թշնամու՝ ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են. Դավիթ Բաբայան