ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվել է հղում անել Ղարաբաղի հարցով նախկին բանաձևերին
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դադարեցնելու հարցը հոկտեմբերի 27-ից ի վեր քննարկվել է մի շարք միջազգային հարթակներում, հնչեցվել են կրակի դադարեցման հորդորներ աշխարհի մի շարք առաջնորդների կողմից։ Հումանիտար հրադադարի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի միջնորդություններով, որոնցից ոչ մեկը, սակայն, Ադրբեջանը չպահապանեց։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հոկտեմբերի 19-ին երկրորդ անգամ (առաջինը՝ սեպտեմբերի 29-ին) փակ ձևաչափով քննարկվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
ՄԱԿ ԱԽ 15 անդամները վերահաստատել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հարգել հրադադարի ռեժիմը։
Ներկայումս ՄԱԿ-ի ԱԽ-ն ռոտացիոն սկզբունքով նախագահող Ռուսաստանի Դաշնության դեսպան Վասիլի Նեբենզան հայտնել էր, որ «ամենահրատապը հրադադարի կատարումն ապահովելն է, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել»։ AFP-ին ՄԱԿ-ի դիվանագետներից մեկը հայտնել էր, որ համապատասխան հայտարարություն է համաձայնեցվում։
Օրերս արդեն տեղեկություններ տարածվեցին, որ հայտարարությունը չի համաձայնեցվել ՄԱԿ ԱԽ անդամներից մեկի «վետո»-ի պատճառով։ Որոշ աղբյուրներ նշում էին Մեծ Բրիտանիայի անունը։
Սակայն, ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման հետ կապված հայտարարություն էր տարածել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, նշելով, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի ԱԽ 6 ոչ մշտական անդամներ Նիգերին, Թունիսին, Վիետնամին, Հարավային Աֆրիկային, Սեն-Վինսենթ և Գրենադիններին ու Դոմինիկյան Հանրապետությանը՝ «իրենց համերաշխության, արդար ու սկզբունքային դիրքորոշման համար»։
Նշվում է, որ հայտարարության նախագծում, որը պատրաստվել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի կողմից, չի նշվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկին 4 բանաձևերը։ Վերոնշյալ երկրները պնդել են, որ հղումներն ավելացվի, ինչը չի արվել։
Կոնսենսուսի բացակայության արդյունքում հայտարարությունը հանվել է։
Նշենք, որ վերոնշյալ երկրները հանդիսանում են նաև «Չմիացած երկրների շարժման» (Non-Aligned Movement - NAM) անդամներ, որում ներկայումս նախագահում է Ադրբեջանը։
Հարակից հրապարակումներ`
- Նեբենզյան խոսել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը․ Առանց նախապայմանների հրատապ վերսկսել երկխոսությունը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղն արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ