Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագիր. Բաթոյան
«Զինծառայողներին աջակցություն տրամադրելու մասին հենց առաջին օրից մտածել ենք, քննարկումներ ենք իրականացրել, որ այդ մասով բյուջեում նախատեսումներ ունենանք։ Այս պահին բյուջեի մասով որևէ խնդիր չունենք, քանի որ վերանայել ենք աջակցության տեսակների համար եղած բյուջեի բաշխվածությունը»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցին։
Վերջինս հետաքրքրվել էր, թե ո՞ր դեպքում են զինծառայողները հանդիսանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառու։ «Հաշմանդամություն ունեցողներին աջակցելու միջոցների ծախսերի մասով, կարծում եմ, գուցե անհրաժեշտություն կա բյուջեի վերանայման»,- ասել էր նա։
Նախարարը հայտնեց, որ 2021 թվականի բյուջեով միջոցներ են հատկացվելու, օրինակ, զինծառայողների պրոթեզավորման համար։ Նա վստահեցրեց, այդ առումով խնդիր չի լինելու, բայց անհրաժեշտության դեպքում բյուջեն կվերանայվի։
«Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագրի նախագիծը՝ պատերազմում վիրավորված անձանց համար, որը կրկին միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի։ Դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ աջակցման միջոցառումներ իրականացնել՝ տարբեր, այդ թվում վերականգնողական ծրագրերի մասով»,- ներկայացրեց Զարուհի Բաթոյանը։
Հերիքնազ Տիգրանյանին հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովումների հարցը 2021 թվականի բյուջեում նախատեսված չէ։
Ի պատասխան նախարարը նշեց, որ նախատեսված չէ, քանի որ բնակարանների ապահովումը կոնկրետ շահառուների համար է, և դա մեկանգամյա, ոչ շարունակական ծրագիր էր.
«Մենք նախատեսում ենք 2020 թվականի հատկացումներն ավարտել գոնե 2021-ի սկզբին»։
Հարակից հրապարակումներ`
- Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում, այս բյուջեով նախատեսված չեն. նախարար
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
- Շրջակա միջավայրի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվի 8 մլրդ 840 մլն դրամ