Այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները. Տոնոյան
«Հոկտեմբերի 27-ին ԲՀԿ և ԼՀԿ խորհրդարանական խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկելով հրավիրել անվտանգության խորհրդի (ԱԽ) հրատապ նիստ, որովհետև այդ ժամանակահատվածում արդեն իսկ կային բավականին կուտակված հարցեր, որոնց պատասխանելու կոմպետենցիան բացառապես ԱԽ անդամներին է պատկանում։ Սակայն, ցավոք, մեր այդ առաջարկը այդպես էլ արձագանք չգտավ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշեց, որ երկու շաբաթ է անցել իրենց առաջարկից, և իրենց հարցերը ոչ միայն պատասխան չեն ստացել, այլ նաև նոր հարցեր են կուտակվել, և իրենք այսօր ուղղակի անհրաժեշտ են համարում ԱԽ անդամների հետ հանդիպում անցկացնելը։
Հարցին, թե այս օրերին տեղեկատվության պակա՞ս ունի ընդդիմությունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ 100%-անոց տեղեկատվության տիրապետում են բացառապես իշխանությունները, վարչապետն ու ԱԽ անդամները.
«Կարծում եմ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն առավել քան իրավասու են ունենալ ինֆորմացիայի տիրապետելու ցանկություն»։
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է տվել ԲՀԿ պատվիրակության՝ ՌԴ այցը, պատգամավորը պատասխանեց, որ քննարկումների հետ կապված շատ չակերտներ չի կարող բացել։
«Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ներկայացրեց նա։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի շուրջ ԲՀԿ դիրքորոշմանը, ապա Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները։
Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք նաև պարբերաբար հանդիպում են արտախորհրդարանական ուժերի հետ։ Նա հայտնեց, որ այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, և ինքն այլ բան չի կարող փոխանցել։
Հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականի պահանջ կարող է լինել այդ հանդիպումների արդյունքում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Երբ կլինի հայտարարություն, բնականաբար, բոլորը դրա մասին տեղյակ կլինեն»։
Դիտարկմանը, որ այսօր «CNN»-ը, հղում կատարելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպում է եղել, և նշվում էր, որ թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափի մասին է խոսում, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար, Իվետա Տոնոյանն արձագանքեց, նշելով, որ թուրքական կողմի երազանքներն ու նկրտումները մեզ համար չպետք է կարևորություն ներկայացնեն։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կատարվող հարկման պրոգրեսիվ մեթոդ ներդնել
- ԲՀԿ պատվիրակությունը Մոսկվա կմեկնի