Մշակութային գործիչները պահանջում են Մեհրիբան Ալիևային հեռացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի գործիչները բաց նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, միևնույն ժամանակ Change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ ներկայացնելով նաև բաց նամակը։
Նամակում հեղինակները նախ հիշեցրել են Ալիևայի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել, ապա նշել, որ այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է իր առաքելության հիմնական արժեքներին։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում:
Նրանք նամակում նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք, դիտավորյալ հարվածներ է հասցնում մշակութային հուշարձաններին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, Տիգրանակերտի հնագիտական տեղանքին, հիվանդանոցներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ավերել է ուսումնական հաստատություններ, զոհվել ու տուժել են խաղաղ բնակիչներ։
Նամակի հեղինակները նշել են նաև Ադրբեջանին Թուրքիայի կողմից օգնության, վարձկան ահաբեկիչների տարածաշրջան տեղափոխելու մասին։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի Արցախի և Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բոլոր բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների, մշակութային ահաբեկչության և ռազմական հանցագործությունների համար: Եվ մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավատարիմ կմնա իր առաքելությանը և կդատապարտի Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները:
Այսպիսով, մենք՝ ներքոստորագրյալներս, հորդորում ենք ձեզ ձեռնարկել լուրջ գործողություններ և աշխատանքից ազատել տիկին Մեհրիբան Ալիևային`ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից»,- նշված է նամակում։
Նշենք, որ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 23 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան