Դոկտոր Լեո Էնզելի. Ուղիղ 105 տարի առաջ աշխարհն արդեն մեկ անգամ պարզապես հետևել է՝ ոչինչ չանելով
Հակամարտություններ ուսումնասիրող գիտնական և միջմշակութային վերապատրաստման դասախոս Դոկտոր Լեո Էնզելը, ում հիմնական թեման է «Հետխորհրդային տարածքը և Կենտրոնական/Արևելյան Եվրոպան, ԼՂ խնդրի վերաբերյալ հոդված է հրապարակել ԼՂ խնդրի վերաբերյալ։
Նա հրապարակումներ ունի հետևյալ թեմաներով. «Վախը և միջուկային սպառազինումը», «Գերմանիայի վերամիավորման սոցիալական հոգեբանություն», «Գերմանիայի մասին պատկերացումները հետխորհրդային տարածքում»։ Արևմուտքի և Արևելքի միջև նոր հակամարտության համատեքստում նրա հիմնական խնդիրն է կեղծ նարատիվների վերացումը, դեէսկալացիան և վստահության վերականգնումը։
Հրապարակված հոդվածում նա գրում է.
«Գերմանական առաջատար լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի շուրջ նորից բռնկված պատերազմի մասին գերիշխում է կեղծ օբյեկտիվություն, որը դե ֆակտո պարզապես կրկնում է ադրբեջանական հռետորաբանությունը։ Մինչդեռ փաստերը շատ ավելի բարդ են.
Շատերը փորձում են խուսափել ծայրահեղականությունից՝ ճշմարտությունը մեջտեղում փնտրելով։ Սա որոշ չափով հավասարակշռված ձևակերպում է, բայց ոչ անպայման կանխակալությունից զերծ։ Բանն այն է, որ ճշմարտությունը չի ենթարկվում երկրաչափական պահանջներին, այստեղ մոլորվում է մեջտեղի ծայրահեղականությունը։ Միխայել Շմիդթ-Զալոմոնի այս նախադասությունները կարող էին ասված լինել հենց Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանմամբ՝ Արցախի) շրջանի համար` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմական հակամարտության մասին գերմանական մամուլում հիմա ներկայացվող հաղորդագրությունների վերաբերյալ։
Այն պահից, ինչ երեք շաբաթ առաջ մարտերը նորից բռնկվեցին, հատկապես հանրային իրավական կազմակերպչական ձև ունեցող մամուլում, գրեթե ոչ մի հաղորդագրություն ներկա իրավիճակի մասին չի հայտնվում առանց երեք անվճար մատուցվող մեկնաբանությունների.
1. «Լեռնային Ղարաբաղի շրջանը մեծամասամբ բնակեցված է հայկական ծագում ունեցող մարդկանցով, բայց միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Ադրբեջանին»,
2. «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում...»,
3. «Մեծամասնությամբ մուսուլմանական Ադրբեջանին օժանդակում է Թուրքիան, մեծամասնությամբ քրիստոնյա Հայաստանին էլ օժանդակում է Ռուսաստանը»։
Երեք նախադասություն և գրեթե ամբողջությամբ խեղաթյուրված՝ բացի այն փաստից, որ Ադրբեջանը մեծածավալ օժանդակություն է ստանում Թուրքիայից։ Այդ իսկ պատճառով նախքան մանրամասն հիմնավորումներին անցնելը ներկայացնում ենք երեք ճշտում․
• Լեռնային Ղարաբաղը բնակեցված է ոչ թե «հայկական ծագում ունեցող մարդկանցով», այլ հայերով։
Այդ շրջանը 1991թ. աշնանը, այն ժամանակ գործող խորհրդային իրավունքի հիման վրա, անջատվել է Ադրբեջանի խորհրդային Հանրապետությունից և Խորհրդային Միության փլուզումից ի վեր անկախ, թեև մինչև հիմա ոչ մեկի կողմից չճանաչված պետություն է՝ Արցախի Հանրապետություն, որը պաշտոնապես այդպես է կոչվում 2017 թվականից.
• Ներկայիս պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկու հավասարաչափ ուժեղ և առավել ևս երկու հավասարաչափ մեղավոր հակառակորդների հակամարտություն չէ։ Հակառակը՝ ամեն բան վկայում է այն մասին, որ հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը։
• Մինչ Թուրքիան մասշտաբային ռազմական, լոգիստիկական առումներով և ամենից առաջ, Սիրիայից (գուցե նաև Լիբիայից) իսլամիստական վարձկանների զորքեր գաղտնի տեղափոխելով, օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին, Ռուսաստանը (անշուշտ ի ցավս հայերի) մինչ այժմ ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի կերպով չի միջամտել ռազմական գործողություններին։
Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը
Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի արևելքում արևմուտքից այսօրվա Հայաստանի Հանրապետության, արևելքից Ադրբեջանական Հանրապետության և Հարավից Իրանի միջև ընկած լեռնային շրջան է՝ Գերմանիայի Զարլանդ երկրամասի տարածքից մոտավորապես երկու անգամ մեծ տարածքով, որը հարյուրամյակներ ի վեր գերազանցապես բնակեցված է հայերով և, ինչպես դրա մասին վկայում են բազմաթիվ հնագույն եկեղեցիներն ու վանքերը, կրում է հայերի մշակույթի կնիքը։ Ներկայում այնտեղ ապրում են մոտ 150.000 հայեր։
19-րդ դարի սկզբին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, այդ տարածքն ընկավ ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, սակայն Լեռնային Ղարաբաղը չտրվեց 1828թ-ից ռուսական տիրապետության ներքո գտնվող Արևելյան Հայաստանին՝ «Երևանի գավառին», որը աշխարհագրորեն մեծամասամբ համընկնում է այսօրվա Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն ցարն էր ձգտում խոչընդոտել էթնիկական մեծամասնություն ունեցող շրջանների միասնական գոյությանը և այդ պատճառով («Բաժանիր և տիրիր») Լեռնային Ղարաբաղի շրջանը կցեց մեծամասնությամբ ադրբեջանցի բնակչություն ունեցող Ելիզավետպոլի (այսօր՝ Գյանջա) գավառին, որը հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 20-ական թվականների սկզբին դարձավ Ադրբեջանի Խորհրդային հանրապետության մաս։
Արևելյան Անատոլիայում և Օսմանյան կայսրության այլ մասերում ապրող արևմտահայերը 19-րդ դարում բազմիցս դառնում էին կառավարության կողմից խթանվող սարսափելի պոգրոմների և կոտորածների զոհ․ հենց միայն 1894-1896 թթ. Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք օսմանյան իշխանությունները և նրանց դաշնակից քուրդ համիդիե հրոսակախմբերը սպանեցին մինչև 300.000 հայերի, նախքան 1915թ․-ին այսպես կոչված երիտթուրքերի «Միության և առաջադիմության կոմիտեն» (İttihat) Առաջին աշխարհամարտի ստվերում գերմանական կայսրության կառավարության լռելյայն հավանությամբ կկատարեր հայ բնակչությամբ նկատմամբ մինչև այսօր էլ Թուրքիայի կողմից չճանաչված ցեղասպանությունը, որին զոհ գնացին մինչև մեկուկես միլիոն հայեր (նրանց մեծամասնությունը քշվել էր բառացիորեն մահվան քայլարշավներով Միջագետքի անապատը) և որը հետագայում Հիտլերի համար օրինակ եղավ եվրոպացի հրեաների սպանության համար։
20-րդ դարի պատմությունում այդ առաջին եվրոպական ցեղասպանությունը և դրա ժխտումը մինչև այսօր էլ դա կատարածների ժառանգների կողմից այդ ժամանակվանից բոլոր հայերի մեծագույն հոգեբանական վերքն է, որտեղ էլ աշխարհում նրանք ապրելիս լինեն, և չկա մի հայ ընտանիք, որը զոհերի համար ողբալու առիթ չունի։
«Միջազգային իրավունք»՝ կամայականորեն գծված սահմաններ...
Բնակության արևելյան շրջաններում կենդանի մնացած հայերի համար, ում 1920թ. օգոստոսին Սևրի (այդպես էլ չվավերացված) խաղաղության պայմանագրով խոստացվել էր երևակայական տերություն, որին տիրանալու նրանց երբեք վիճակված չէր, մնաց միայն ընտրություն ատված բոլշևիկների և առավել ատված թուրքերի միջև։
1921թ. հուլիսի 5-ին երիտասարդ Խորհրդային Միության «Անդրկովկասյան կոմիտեն» ազգությունների հարցով ժողկոմիսար Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ այն ժամանակ 94 տոկոսով հայերից բաղկացած տեղական բնակչության կամքին հակառակ որոշեց Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանի Խորհրդային հանրապետությանը, ընդ որում այն բանից հետո, ինչ այդ նույն կոմիտեն մեկ օր առաջ (ապագա բռնակալի բացակայութամբ) այդ տարածքը հայկական խորհրդային հանրապետությանը միացնելու որոշում էր կայացրել։ Ամբողջ 24 ժամ այդ շրջանը պատկանել է Հայաստանին։ Բայց ինչպես և ցարերի համար մեկ դար առաջ, նաև Ստալինի նպատակն էր կովկասյան ժողովուրդներին իրար դեմ կույր գործիք դարձնելը։ Այդ ժամանակից սկսած և դրան հաջորդած ամբողջ խորհրդային դարաշրջանում Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ (ԼՂԻՄ) էր Ադրբեջանական ՍՍՀ/ԽՍՀ կազմում։
1980-ականների վերջին՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, իրերի շարժ տեղի ունեցով։ 1988թ. փետրվարին և նոյեմբերին, ինչպես և 1989թ. հունվարին ադրբեջանական քաղաքաներ Սումգայիթում, Կիրովաբադում (այսօր՝ Գյանջա) և մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցան արյունալի հակահայկական պոգրոմներ, որոնց ընթացքում ընդհանուր թվով մի քանի հարյուր հայեր ուղղակի փողոցում և իրենց տներում կոտորվեցին բռնի ամբոխի կողմից։
1988թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններից առաջին զանգվածային փախուստով դեպի հարևան Հայաստան դանդաղորեն սկսեց գործել «էթնիկ զտումների» տրամաբանությունը։ Այն արագորեն թափ ստացավ. Բաքվի պոգրոմներից հետո շուրջ 300.000 հայեր փախան Ադրբեջանից հարևան Հայաստան և ուրիշ խորհրդային հանրապետություններ, իսկ Հայաստանում ապրող 200.000 ադրբեջանցիներ փախան Ադրբեջան: Սկսվեցին մարտական գործողություններ մի կողմից Ադրբեջանի զինված միավորումների և մյուս կողմից հայերի (Հայկական ԽՍՀ-ից և Ղարաբաղից) միջև։ Մոսկովյան կենտրոնական իշխանությունը, որը զորք ուղարկեց, կարողացավ լավագույն դեպքում ժամանակավորապես զսպել հակամարտությունը։
Դրանից հետո 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ իր անկախությունը և Խորհրդային Միությունից դուրս գալու մասին հայտարարեց, երեք օր անց՝ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անջատվեց Ադրբեջանից, որն ի դեպ տասնամյակներ շարունակ այդ մարզը տնտեսական առումով խիստ աչքաթող էր արել, և իրեն հռչակեց անկախ խորհրդային հանրապետություն՝ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի կազմում։
Ղարաբաղը վկայակոչեց նախորդ տարվա ապրիլի 3-ին ընդունված միութենական օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի մասին որոշումներ կայացնելու հատուկ ընթացակարգի մասին», որը յուրաքանչյուր ինքնավար մարզին իրավունք էր տալիս անջատվելու նախկին խորհրդային և նորանկախ հանրապետությունից։ Դա հաստատվեց 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից այն հանրաքվեով, որին մասնակցեց բնակիչների 82,2 տոկոսը, տրված ձայների 99,89 տոկոսով, քվեարկեց Ադրբեջանից անջատվելու օգտին։
Խորհրդային Միության փլուզմամբ 1991թ-ի վերջին հայերի և ադրբեջանցիների միջև ներպետական հակամարտությունը վերածվեց միջպետական պատերազմի, որը 1994թ․-ի կեսերին նախապես ավարտվեց Հայաստանի դե ֆակտո հաղթանակով, որն այն ժամանակից սկսած Ղարաբաղի պաշտպան պետությունն է և ռազմավարական պատճառներով, որպես բուֆերային գոտի, գրավված է պահում սահմանամերձ յոթ շրջաններ։ Ավելի ճշգրիտ ասած, հակամարտությունը սառեցվեց։
1994թ. մայիսի 12-ին պատերազմող կողմերը Մոսկվայում կնքեցին հրադադարի համաձայնագիր։ Պատերազմը Հարավային Կովկասում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք էր խլել, երկու կողմերից էլ (և սա նույնպես ճշմարտություն է) կոտորածներ էին իրականացվել քաղաքացիական բնակչության նկատմամբ և մինչ այդ պահը Ղարաբաղում ապրող ադրբեջանցիները ստիպված եղան լքել իրենց հայրենիքը Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ դրանց մեծամասնությունը այդ ժամանակվանից սկսած քարշ է տալիս իրենց գոյությունը փախստականների ճամբարներում։
Կարճ ասած, Ստալինի չարամիտ սերմացուն տասնամյակներ անց իրոք տվել էր իր ծլերը։
... հետին թվով լեգիտիմացվում (արդարացվ՛ում) են
Եվ դա շարունակվում է մինչև այսօր, քանի որ նախկին խորհրդային հանրապետությունների մասամբ կամայականորեն գծված սահմանները ԽՍՀՄ փլուզումից հետո 1990թ․-ի ապրիլի միութենական օրենքի անտեսմամբ լեգիտիմացվեցին «միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Այն, որ գործող միջազգային իրավունքը, ավելի ճիշտ՝ դրա կամայական մեկնաբանությունը, դրանով հետին թվով դարձավ ստալինյան անարդարությունն արդարացնողը (ապոլոգետը) (նույնը պետք է ասել նաև Ղրիմն Ուկրաինական ՍՍՀ/ԽՍՀ-ին «նվիրելու» Խրուշչովի կամայական ակտի մասին), պատմության առանձնակի արտառոց շեղում է, որը երբեք ինչպես պետք է թեմա չի դարձել, առավել ևս հաղթահարվել։
Բայց միջազգային իրավունքում առկա հակասական հարաբերակցությունը պետության ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև, որ երբեք չի ունենա բավարարող լուծում, ինչպես հայտնի է, ամենաուշը սկսած Կոսովոյի պատերազմից և այն պահից, ինչ նախկինում Հարավսլավիայի այդ ինքնավար գավառը Արևմուտքի կողմից որպես պետություն ճանաչվեց, համաշխարհային քաղաքականությունում խոշոր խաղացողների կողմից մշտապես այնպես է մեկնաբանվում, ինչպես որ աշխարհաքաղաքական առումով նրանց «ձեռնտու է»։
Արձանագրե՛նք. Լեռնային Ղարաբաղի անջատումը միայն լեգիտիմ չէր, այն օրինական էր, քանի որ կատարվել էր համաձայն այնժամանակ գործող խորհրդային իրավունքի։ Երբ մեր մամուլը գրեթե միաձայն, այնպես, ինչպես ոմանք խաղում են մատներով իրենց վարդարանի (տերողորմյայի) հետ, անընդհատ և կեղծ օբյեկտիվ կերպով կրկնում են, թե Ղարաբաղը, «ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանին է պատկանում», նրանք դրանով սպասարկում են ադրբեջանական նարատիվը, այսինքն՝ նրանք (գիտակցելով թե ոչ) ոչ բացահայտ կերպով կանգնում են Ադրբեջանի կողմը։
"Bothsideism" («երկկողմայնություն»)՝ կեղծ չեզոքությունը
Կեղծ չեզոք հաղորդագրությունները գերմանական բարձրորակ լրատվամիջոցների մեծամասնությունում և նաև մի քանի այլընտրանքային լրատվականներում օգտվում են մի հնարքից, որը կարելի է անվանել նոր մոդայիկ դարձած, ոչ շատ գեղեցիկ, բայց հասկանալի "Bothsideism" բառով։ Դա նշանակում է հետևյալը. օգտագործվում են այնպիսի փաստարկներ և ձևակերպումներ, որոնք ներշնչում են, թե այստեղ երկու հավասարազոր, ամենից առաջ հավասարաչափ մեղավոր հակառակորդներ գրոհում են իրար նման զորության զենքերի համակարգերով։ Ըստ այդմ էլ ամենասիրված նախադասությունն է «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար մեղադրում են իրար...»։ Այստեղ շտկելու բաներ կան։
Արդեն բնակչության թվերն ասում են ամեն ինչ՝ Ադրբեջանում ապրում է շուրջ տասը միլիոն մարդ, Հայաստանում՝ երեք միլիոնից էլ պակաս, իսկ Ղարաբաղում/Արցախում, ինչպես արդեն հիշատակել ենք՝ մոտ 150.000։ Ադրբեջանը նավթի և գազի ահռելի պաշարների շնորհիվ շատ հարուստ երկիր է, ինչը սակայն չի նշանակում, որ այդ հարստությունից օգտվում է նաև բնակչության մեծամասնությունը։ Հակառակ դրան Հայաստանը ու առավել ևս՝ Արցախը, գրեթե չունեն հիշարժան օգտակար հանածոներ։ Խոսուն է հայտնի հայկական ասացվածքը՝ «Հայաստան-Քարաստան»։
Հայերով բնակեցված երկու երկրներն էլ աղքատ են, ինչը բնականաբար ազդում է սպառազինությունների համար հատկացվող բյուջեի և դրանով՝ զինված ուժերի զինվածության վրա։ Արդեն 1990-ականների սկզբի պատերազմում հայերը, զորքի անձնակազմի քանակի և զենքերի համակարգերի քանակի ու որակի առնչությամբ, անհուսորեն զիջում էին լավ զինված ադրբեջանցիներին։ (Մինչդեռ հայերին հաջողվեց հակամարտության ելքը որոշել իրենց օգտին։
Անցած տարիներին Ադրբեջանն ավատատիրական եղանակով ստացվող նավթադոլլարային եկամուտների օգնությամբ հսկայական չափով սպառազինվել է. 2009-2018 թթ. ռազմական ծախսերը կազմել են 24 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, մինչ Հայաստանը նույն ժամանակահատվածում զենքի համար չորս միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել։ Հիմա ադրբեջանական ռազմական բյուջեն, մոտավորապես, հավասար է Հայաստանի ամբողջ պետական բյուջեին։
Հասարակական համակարգերը նույնպես արմատապես տարբեր են․ Ադրբեջանում կառավարում է կլեպտոկրատական ալիևյան կլանը, որը 1993թ-ից սկսած բռնատիրական իշխանություն ունի երկրում, լռեցնում է ընդդիմադիրներին և նավթից ստացվող յուղոտ հասույթի օգնությամբ փորձում է ազդել նաև տրամադրությունների վրա Եվրոպական միությունում։ Մի քանի կոռումպացված գերմանացի քաղաքական գործիչներ արդեն թողել են, որ իրենց հաջողությամբ լծեն ադրբեջանամետ պրոպագանդային։ Հակառակ դրան՝ Հայաստանը 2018թ. գարնանը տեղի ունեցած խաղաղ, բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող «թավշյա հողափոխությունից» ի վեր ժողովրդավարական վերելք է ապրում։ Երկիրը հին կոռումպացված կառույցներից ազատվելու ճանապարհին է․ չունենալով օգտակար հանածոներ, սկսում է ներդրումներ անել մարդկանց, թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ։
Ղարաբաղի առնչությամբ երկու երկրների հայերն էլ միայն մի շահագրգռվածություն ունեն՝ ստատուս քվոյի պահպանումը և (միջնաժամկետ) որպես ինքնուրույն պետություն միջազգային ճանաչման հասնելը։ Այդ իսկ պատճառով հավատալ (կամ ենթադրել), թե պատերազմական նոր գործողություններում հենց փոքր Արցախն է սադրել մինչև ատամները զինված Ադրբեջանին՝ անհեթեթեթություն է:
Էրդողանը դիմում է էսկալացիայի – Մոսկվան զգուշացնում
Անդրադառնանք մեր առաջատար մեդիայի վերջին մանտրային՝ այն պնդմանը, թե Ադրբեջանին սատարում է Թուրքիան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստանը։ Այս նախադասությունը միաժամանակ ճշմարիտ է ու սխալ։
Ճշմարիտ է Թուրքիայի վերաբերյալ, որը թուրքացեղ Ադրբեջանին դիտում է որպես եղբայր ժողովուրդ («Մեկ ազգ, երկու պետություն») և կամուրջ դեպի հեռուն գնացող նեոօսմանյան երազանքների իրականացում՝ երազանքներ, որոնց խանգարում է Հայաստանն արդեն աշխարհագրորեն։ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է նորագույն ռազմական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ բազմակի հրթիռակոծիչներ և անօդաչու թրչող սարքեր, որոնցում օգտագործվել է նաև գերմանական սպառազինական Hightech-ը։ Թուրքական F-16 մարտական ինքնաթիռները պատերազմի սկզբից ի վեր գերադրվում են Հայաստանից 65 կմ դեպի արևելք գտնվող Գյանջայի ռազմական հենակետից, ուր տեղափոխվել են անցած օգոստոսին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական զորավարժանքների ժամանակ։
Բայց ամենամեծ տագնապը կայանում է նրանում, որ Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները․ խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, իսկ այժմ հավանական է նաև Աֆղանստանի սարերից եկած թալիբանների մասին է, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանին ճակատի առաջնագծում։ Մի խոսքով, առանց Մեծ Եղբոր մեծածավալ օգնության Ադրբեջանը հաստատ չէր կարողանա սկսել մարտական գործողությունները։
Այդուհանդերձ, Ադրբեջանը ռազմական օժանդակություն է ստանում ոչ միայն Թուրքիայից. նրան զենք են մատակարարում նաև Իսրայելն ու Ռուսաստանը: Այնպես որ այն ստանդարտային նախադասությունը, թե քրիստոնյա Հայաստանին սատարում է Ռուսաստանը, անգամ կիսով չափ ճշմարիտ չէ։ Ճիշտ է, Ռուսաստանը Հայաստանում ունի 4000 զինվոր, զենք է մատակարարում նաև Հայաստանին։ Ճիշտ է նաև, որ Ռուսաստանն առաջատար ռազմական տերություն է ՀԱՊԿ-ում, որի անդամ է նաև Հայաստանը։ Մոսկվան արդեն տեղեկացրել է, որ հարձակումները Ղարաբաղի վրա դաշինքով նախատեսված դեպքը չեն, քանի որ այդ տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չէ։
Այդուհանդերձ, անգամ Հայաստանի վրա ծանր հարձակումների դեպքում (գործողությունների ԱԹՍ-երով արդեն կատարվել են Հայաստանի պետական տարածքի օդում) Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության պատրաստ լինելը բավականին կասկածելի է։ Ի վերջո Ռուսաստանն այդ դեպքում, առնվազն անուղղակիորեն, կխճճվեր մարտական գործողությունների մեջ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հնարավոր հետևանքներն անհնար է պատկերացնել։
Սա կարող է հասկանալի թվալ նաև ռուսական տեսանկյունից, մինչդեռ հայերն այն զգացողությունն ունեն, որ նրանց ամեն կողմից թողել են բախտի քմահաճույքին։ Այդպես է վարվում Ռուսաստանը, որը մինչև այժմ ընդամենը հորդորել է զինանդադար հաստատել, որի փխրունությունն անմիջապես պարզ դարձավ, ապա դա վերածվեց ժամանակավոր «հումանիտար զինադադարի»։ Այդպես է վարվում Արևմուտքը, որը մատը մատին չի տալիս ՆԱՏՕ-ի՝ պանթուրքիստական հավակնություններ ունեցող իր դաշնակցին կրակ բորբոքելուց հեռու պահելու համար։ Ցեղասպանության պատճառով ծանր տրավմա ունեցող հայերն ստիպված եղան բախվել այն դառը իրականությանը, որ երբ վիճակը ծանրանում է, կարող են հույս դնել միայն մեկ դերակատարի վրա՝ իրենք իրենց վրա։
Եվ այս անգամ վիճակը կարող է իսկապես շատ լրջանալ; Ադրբեջանում ու առավել ևս նրա հետևում կանգնած Թուրքիայում, ինչպես երևում է, ուզում են մինչև վերջ գնալ։ Ալիևը կասկած չի թողել, որ Հայաստանի հետ հակամարտությունը ավարտված կհամարի միայն Ղարաբաղը հետ նվաճելուց հետո․ ոչ, ոչ միայն դա, արդեն հասկացրել է, որ աչք է դրել Երևանի վրա։
Ադրբեջանի ներխուժման դեպքում հայերին Արցախի Հանրապետությունում «ամենանպաստավոր» դեպքում սպառնում է դաժան զանգվածային վտարում, ներառյալ հնադարյան հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում, ինչպես արդեն արվել է Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում։ Սակայն, միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանական զորքերը ջիհադիստական վարձկանների հետ դաշինքով և մեծ նեոօսմանյան եղբոր օժանդակությամբ հետո կսկսեն ավարտի հասցնել երիտթուրքերի 1915թ․-ի գործը։ Նրանց չկանգնեցնելու դեպքում շատ հավանական է, որ նրանք Արցախով չսահմանափակվեն։
Ուղիղ 105 տարի առաջ աշխարհն արդեն մեկ անգամ պարզապես հետևել է՝ ոչինչ չանելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան