Բարոնուհի Քերոլայն Քոքսը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքների վրա։
Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիական անձանց սպանությունների ու վիրավորումներ պատճառելու մանրամասները, գյուղերին պատճառված նյութական վնասները։
«Ադրբեջանական զինված հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության համատարած խոսքով էթնիկ հայերի նկատմամբ։ Ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգային է, որ հայտվել է փակ շղթայի մեջ՝ սկսվում է իշխանություններով ու ավարտվում մշակութայինի գործիչներով՝ ամեն անգամ արժանանալով հանրային գովասանքի: Այս օրերին էլ ամեն ինչ արվում է ատելությունը բորբոքելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի նպատակն է Արցախում էթնիկ հայերի զտումը՝ ահաբեկչական մեթոդներով, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։
Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է թշնամու վայրագությունների մասին երրորդ զեկույցը
- ՄԻՊ-ը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի դաժանությունները՝ ապացույցներով
- ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի հարձակումների վերաբերյալ
- Քերոլայն Քոքս. Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի
- Քերոլայն Քոքսը կրկին Արցախում է