Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է. Արսեն Թորոսյան
«Ոչ բոլոր դեպքերում է, որ COVID-19-ի բուժումը 14 օր է տևում, լինում է նաև, որ բուժումը տևում է 5-6 օր, կան դեպքեր, երբ բուժման համար ամիսներ են պահանջվում։ Իսկ բուժման վերջնական փաստը արձանագրելու համար թեստ չենք անում մայիս ամսից, քանի որ նպատակահարմար չենք գտնում։ Առողջացման փաստը կլինիկական լացավմամբ ենք արձանագրում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հիվանդանոցից դուրս գրվելիս կորոնավիրուսով վարակված քաղաքացիները թեստ չեն հանձնում՝ հստակ իմանալու համար, որ բուժվել են։
Նախարարը տեղեկացրեց՝ բուժումը ստանալուց հետո հիվանդին ասում են, որ եթե ինքը դուրս է գրվում հիվանդանոցից, միևնույն է, պետք է 14 օր մնա տանը։ Ըստ Արսեն Թորոսյանի, հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից, եթե պրակտիկ առողջ է։
Հարցին, թե այս պահին քանի կորոնավիրուսով վարակված անձ է սպասում հոսպիտալացման, առողջապահության նախարարը պատասխանեց՝ 861 քաղաքացի.
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 180 և ծանր վիճակում գտնվող 897 հիվանդ ունենք։ Այս պահին 73 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Շնչառական սարքի պակաս չունենք, ձեռքբերումներ արել ենք, և դեռ շարունակում ենք անել»։
Անդրադառնալով հիվանդության զարգացման մասին կանխատեսումներին՝ Արսեն Թորոսյանը նշեց՝ դրանք շատ տարբեր են։
«Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է։ Հիմա բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա, և այն հնարավոր չէ երկար տեղափոխել։ Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի որևէ խափանում չլինի։ Մենք նախատեսում ենք նոր հզորություններ ներդնել, չնայած ամռան ընթացքում ձեռք ենք բերել որոշ բաներ։ Բայց դեպքերի թիվը անկանխատեսելի մեծ էր, մենք որոշակի աճ սպասում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ։ Մենք ևս չորս թթվածնի մեծ կայան ենք գնել»,- ներկայացրեց նախարարը։
Ըստ Արսեն Թորոսյանի, տնային մահերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվեր ունենալն է, այսինքն՝ պետք է կանխել հիվանդության հետագա տարածումը։
Հարցին, թե կրկնավարակի դեպքեր արձանագրվո՞ւմ են, նախարարը պատասխանեց՝ մինչ օրս եղել է կրկնակի վարակման 343 դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան