Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում, այս բյուջեով նախատեսված չեն. նախարար
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեով հատկացվել է 503.6 մլրդ դրամ, որով իրականացվելու են թվով 11 ծրագրեր՝ 99 միջոցառումներով»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով, նշված ցուցանիշը 10.7 մլդ դրամով, կամ՝ 2.2%-ով ավելին է 2020 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշից։
Ըստ նրա, բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է:
«Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել:
Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ էլ այս իրավիճակում այս բյուջեով նախատեսված չեն»,- ներկայացրեց նախարարը։
Նա հավելեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու:
Հարակից հրապարակումներ`
- 2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
- Շրջակա միջավայրի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվի 8 մլրդ 840 մլն դրամ
- Նախատեսել ենք բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ. Զոհրաբ Մնացականյան