«Իմ քայլ»-ի մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է. Նաիրա Զոհրաբյան
«Անհրաժեշտ է նաև «Իմ քայլի» պատգամավորների առնվազն 25 հոգու ներկայությունը: Բայց «Իմ քայլ»-ի մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիտարկելով արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ քվորում ապահովելու հարցը, քանի որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ:
Նա խնդրեց, որ քաղաքացիները դուրս գան դահլիճից, որպեսզի նիստ գումարվի:
Նաիրա Զոհրաբյան հայտնեց, որ փորձում են իրավաբանների հետ քննարկել, թե արդյոք ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը:
«Բայց անգամ չլինելով ոչ իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք և բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր հիշեցրեց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Արցախի հարցում որևէ որոշում կայացնելիս ինքը հրապարակում կկանգնի ժողովրդի առջև և ժողովրդի հետ միասին կորոշի՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ:
«Ես չգիտեմ ինչ ելք է եղել կամ չի եղել: Երբ որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից և հունիսի 5-ից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, Ի՞նչ եք բանակցում, մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այդ էլ բանակցում ենք, դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում, ես սկսում եմ զրոյական կետից: Քանիցս ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում լիֆտերում ձեր կիրթ գործընկեր Ալիևի հետ: Հիշո՞ւմ եք, չէ, Նիկոլ Փաշինյանն ասում էր կիրթ է Ալիևը: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ 17 կուսակցությունների ղեկավարները գիտեին, որ հանգուցալուծումը գնում է սրան, այդ պատճառով էին իրենց հայտարարությամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նկատելով, որ այս ամենը 2,5 տարի երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտի արդյունք է՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այլևս ճամբարների չպետք է բաժանվեն, սևեր ու սպիտակներ չպետք է լինեն, բոլոր հարցերը պետք է լուծվեն համերաշխության և համազգային համախոհության մթնոլորտում:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ այս պահին չունի պատրաստի դեղատոմքսեր, թե ինչ է հնարավոր անել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան