«Իրատես». Պատգամավորներն Արսեն Թորոսյանին ԱԺ են հրավիրել
«Իրատես» թերթը գրում է. «Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կհանդիպի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իրատեսի» տեղեկություններով՝ հանդիպման նախաձեռնողները խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն են:
«Տարատեսակ բողոքներ ենք ստանում, մեր աչքով ենք տեսնում՝ ինչ է կատարվում բուժհաստատություններում: Իհարկե, փառք ու պատիվ այս օրերին ո՛չ գիշեր, ո՛չ ցերեկ չունեցող մեր բժիշկներին, բայց դեպքեր ենք տեսել մեր աչքով, որ օր առաջ այլ լուծում պետք է ստանան: Օրինակ՝ հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով վարակված անձն ու ռազմաճակատում վիրավորված զինծառայողն իրար կողքի պառկած էին բուժում ստանում: Հիմա դա որքանո՞վ է համարվում ճիշտ բուժում, եթե ճակատում վիրավորում ստացած տղան, ի թիվս բազմաթիվ բեկորային վնասվածքների, կարող է նաև վիրուսով վարակվել»,- նշեց մեր զրուցակիցը:
«Իրատեսը» վերջերս էր տեղեկացրել, որ նախարար Թորոսյանի հրաժարականի հարցն իշխանության օրակարգից չի հանվել: Փաշինյանի ու նրա թիմակիցների համոզմամբ` Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, փաստորեն, այնքան է սրվել, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուին պատերազմի թեժ օրերին հրավիրում են խորհրդարան՝ պարզաբանումներ տալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: