Վտանգը չի անցել, ամեն ինչ չի ավարտվել. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց իրենց կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ունենք ստորագրված պայմանագիր, որն, իմ կարծիքով, խայտառակ փաստաթուղթ է»,- ասաց Մարությանն ու պարզաբանեց․
«Պատերազմի առաջին օրը նա (խմբ.՝ Ն.Փաշինյանը )խոսում էր պարտության մասին։ Տեղեկություն կար, որ դիրքային կորուստներ ունենք, ասացի՝ հրաման տվեք գնան առաջ։ Վերջին անելիքն այն էր, որ պահանջել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, բայց շարունակաբար մեզ ասում էին, որ հաղթելու ենք։ Զոհերի մասին իրական թիվը չի ներկայացվում։ Երկու շաբաթ այդպես էլ նիստը տեղի չունեցավ։ Վարչապետն ասաց, որ իրավիճակը երբ կկայունանա մենք հանդիպում կնախաձեռնենք։ Ինչևէ, հանդիպումը տեղի չի ունենում, բայց ստորագրվում է այս փաստաթուղթը։ Ժողովուրդ ջան, չկարծեք, որ ձեզ խաբել են, մեզ չեն խաբել»։
Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ ԶՈւ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։
«Երկար զրուցել ենք և ես հարց եմ բարձրացրել՝ կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի։ Նա ինձ հորդորել է, որ հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում վիճակի հետ։ Վտանգը չի անցել և ամեն ինչ չի ավարտվել։ Չկա ինձ համար այլ վստահելի մարդ, քան ԶՈւ շտաբի պետը, ես ընդունել եմ նրա առաջարկը։ Ռազմական դրությունը երկրում վերացնելու վերաբերյալ առանձին նախաձեռնություն կլինի յոթ օր հետո»,- ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ դատապարտում են ԱԺ նախագահի հետ կատարվածը, միաժամանակ ընդգծելով, որ եթե խորհրդարանում անդորր չլինի, որոշումներ չեն կարող կայացնել։
«Անիշխանության եզրին ենք, մենք իրավունք չունենք սա թույլ տալու, սա կլինի վերջին խայտառակությունը»,- հավելեց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը երկրում վերացնելուց հետո հաջորդ պահանջը լինելու է վարչապետի հրաժարականի պահանջը։
«Հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը»,- եզրափակեց նա։