«Ժողովուրդ». Բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին պարզ դարձավ, որ հետհեղափոխական Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի փոխարեն նշանակվեց Արմեն Աբազյանը, որը 2020 թ. օգոստոս ամսին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ըստ Համբարձումյանի՝ ինքը դեռ հոկտեմբերի 28-ին իր կողմից որոշում է կայացրել և իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Երեկ դիմումը բավարարվել է։ Համբարձումյանը նշել է, որ իրեն վարչապետը առաջարկել է շարունակել ծառայությունը տնօրենի տեղակալի պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միևնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է:
Նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն ԱԱԾ տնօրենի 5-րդ նշանակումն է:
Միքայել Համբարձումյանը պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանի փոխարեն, ում աշխատանքից ազատեցին Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարեց ուղիղ չորս ամիս. նշանակվել էր այս տարվա հունիսի 8-ին՝ այս պաշտոնում փոխարինելով արդեն Էդուարդ Մարտիրոսյանին, որը վեց ամիս պաշտոնավարեց որպես պաշտոնակատար, ապա նշանակվեց, սակայն կրկին կարճ աշխատեց և աշխատանքից ազատվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ համատեղ, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային սահմանափակումների պարագայում տեղի է ունեցել Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, իսկ վերջիններս էլ մասնակցել են դրան:
Իսկ Մարտիրոսյանն էլ այս պաշտոնում փոխարինել էր Արթուր Վանեցյանին, որը հեռացավ աղմուկով և թերևս միակն է, որն այժմ արդեն քաղաքական գործունեություն է սկսել:
Թերևս ռազմական դրության ավարտից հետո հասարակությունը պետք է իմանա, բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում: Եվ ինչպես արդեն հայտնի կատակում է, ԱԱԾ-ն դարձել է հանրային գրադարան. մարդիկ նշանակվում են տնօրեն, կարդում գաղտնի փաստաթղթեր և հեռանում, իսկ մյուսները կտրոնը քաշել հերթ են կանգնել՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում