Գոհար Մելոյան. Իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարությունը
«Հանրությանը հրամցվել է միայն եռակողմ հայտարարությունը։ Իսկ հայտարարությունը որպես այդպիսին իրավական փաստաթուղթ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք հնարավո՞ր է եռակողմ հայտարարության սահմանադրականության հարցը քննարկել ՍԴ-ում, արդյոք այն վավերացման կարիք չունի՞ ԱԺ կողմից։
Նրա խոսքով, հայտնի չէ՝ արդյոք այդ հայտարարությունը հիմնվա՞ծ է ինչ-որ փաստաթղթի վրա, թե՞ ընդամենն այդ հայտարարությունն է ստորագրվել։
«Եթե իրավական այլ հիմք չկա, ու հայտարարությունն է հիմքը, ապա այստեղ կան կետեր, որոնք պարտադրում են, որ Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ անցնի, և ապահովվի այդ ճանապարհի անվտանգությունը։ Անցման կետը լինում է Սյունիքի մարզում, ուստի հետագայում խնդիր է առաջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ»,-մանրամասնեց Գոհար Մելոյանը։
Սահմանադրական իրավունքի մասնագետն ընդգծեց, որ հայտարարության այդ կետը հակասում է Անկախության հռչակագրին, ինչպես նաև ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Սահմանդրության 205 հոդվածի կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Սահմանդրության 205 հոդվածը սահմանում է.
«Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեները
1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։
Փորձագետն ընդգծում է, որ նման կարգավորում պարունակող փաստաթուղթը պետք է ներպետական ընթացակարգ անցներ, այսինք՝ ՍԴ դրական եզրակացություն ստանար, ընդունվեր ԱԺ-ի կողմից։
«Հիմա մենք տեսնում ենք, որ բարձիթողի վիճակ է, հանրությանը պատշաճ իրազեկում չկա։ Ենթադրվում է, որ հայտարարության այդ կետերը կյանքի կոչելուց իրավական փաստաթղթեր պետք է ընդունվեն, բայց արդեն իսկ ժամկետ կա սահմանված, նոյեմբերի 15-ից սկսած կոնկրետ շրջաններ Հայաստանի Հանրապետության կողմից, ըստ այդ փաստաթղթի, պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ըստ էության, արդեն իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց է այդ հայտարարությունը։ Միջազգային իրավունքի տեսության հայտարարությունը չի հանդիսանում իրավական փաստաթուղթ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գյուլումյան. Թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, պետք է վավերացվի ՍԴ կողմից
- ՍԴ-ն տարածքների հանձնման հայտարարության սահմանադրականության հարցը կքննի դիմումի առկայություն դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան