Ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի. «Ժառանգություն» կուսակցություն
Երեկ և այսօր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքների կազմակերպիչների ու մասնակիցների հանդեպ ՀՀ վարչապետին ենթակա ոստիկանության կողմից ուժի բիրտ կիրառումը, որն այսօր ուղեկցվեց հայոց եռագույնի հանդեպ անհարգալիր վերաբերմունքով, արժանի են անհապաղ դատապարտման և կասեցման: Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրությունում։
««Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է խաղաղ երթը չեղարկողներին հարձակման ենթարկած և ՀՀ դրոշը արհամարհանքով խլած ու նսեմացրած ոստիկաններին՝ անկախ իրենց դիմակներից, բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել:
«Ժառանգությունն» արձանագրում է, որ քողարկվելով ռազմական դրության օրենքի դրույթներով՝ ՀՀ իշխանությունը կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացիների ազատ ու խաղաղ կամարտահայտման իրավունքը մեր հայրենիքի համար վճռորոշ այս պահին՝ ժողովրդի ձայնը լռեցնելն անհնար է:
Նիկոլ Փաշինյանը թուղթ է ստորագրել պատերազմի դադարեցման մասին, հրապարակավ համոզում է, թե խաղաղություն է բերել Հայաստան ու Արցախ, այդ դեպքում ինչի՞ համար է ռազմական դրության պահպանումը:
Ժողովրդավարության ու ազատության կարգախոսներով իշխանության եկած վարչապետը և իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է հասկանան, որ վճռական ընտրության առջև են, եթե շարունակեն բիրտ ուժ կիրառել ընդդիմախոսների հանդեպ, ապա Հայաստանը կհայտնվի քաղաքացիական պատերազմում, իսկ դա աններելի քայլ է: Հայաստանում բռնությունը պետք է բացառվի, ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի»,- նշված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան