«Պատրաստ ենք Հադրութում անգամ վրաններում ապրել, միայն թե մեզ տվեք»
Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերի կանայք եռակողմ հայտարարությամբ իրենց շրջանը ադրբեջանցուն հանձնելը խայտառակություն են համարում։ Հայաստանի տարբեր վայրեր տեղափոխված մի քանի տասնյակ կանայք, որոնց հարազատները՝ եղբայրները, ամուսինները, հայրերն ու որդիները դեռ առաջնագծում են, Հայաստանում նախաձեռնություն են ստեղծել ու իրենց հայրենիքը վերադարձնելու պահանջով գործողությունների ցանկ մշակել։ Այսօրվանից գործի են անցնելու։ Առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է։
«Հադրութն ու Շուշին չպետք է լինեին այդ հայտարարության մեջ, Հադրութն առավել ևս, այն միշտ եղել է հայկական, բայց վերցրեցին ու տվեցին իրենց։ Մենք պահանջում են, որ Հադրութը մնա հայկական տարածք, ապա նրան տրվի անկախ կարգավիճակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Հադրութ քաղաքից 4 կմ հեռավարության վրա գտնվող Այգեստան գյուղի բնակիչ Սրբուհի Բալայանը։ Նա ուսանող է, սովորում է Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտում։
Սրբուհու ընտանիքի՝ տարիների ընթացքում ստեղծածը սովարական տուն էր, ոչ թանկ կահույքով, բայց գիտեին, այս պահին էլ առաջանգծում կանգնած որդին կարող էր ամուսնանլ ու այդ տուն հարս տանել։ Լսել են տունը այրել են, տան համար չեն ափսոսում, ասում են՝ թող տան, իրենք վրաններում կապրեն, նոր տուն կկառուցեն։
«Ես ամեն միջոցառմանը Հադրութի դպրոցի բեմից հայրենասիրական բանաստեղծություններ եմ ասել, հավատացել եմ, որ Արցախն անկախանալու է, բայց հիմա հասկանում եմ՝ ի՞նչ անկախանալ։ Հադրութում թողել ենք Գտչավանքը, Սպիտակ խաչը, Կատարո վանքը, Մելիք Եգանի ապարանքը, Ազոխի քարանձավը, թողել ենք էն պատմամշակութային հուշարձանները, որոնցով ամբողջ կյանքում հպարտացել եմ, միայն Հադրութում ամեն տարի կազմակերպվում էր 5-6 փառատոն՝ գինու, խաղողի, ժինգյալով հացի...»,-ասում է հադրութցի աղջիկը։
Սրբուհու ուշքն ու միտքը իր սենյակում թողած գրքերն են, տատիկի հավաքած գրադարանը։
«Եթե հնարավորություն ունենայի գնալու, կվերցնեի՝ իմ գրքերը։ Որ պատկերացնում են, թե ոնց են ուրախանալով վառելու դրանք... Կվերցնեի թղթին հանձնած իմ բանաստեղծությունները։ Չգիտեմ, գոնե գնամ... Ուսանող եմ, չորս ամիսը մեկ էի գնում, սեմեստրի վերջին ամիսն ամեն օր ասում էի՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում։ Անցած ամառ կարանտինի պատճառով ես հինգ ամիս մնացի իմ տանը, շրջեցի ողջ Արցախում՝ Հադրութի բոլոր գյուղերով, գնացի Ստեփանակերտ,Մարտունի, Մարտակերտ, էնքան ֆոտոներ արեցի, մի սիրուն սար կար, էնքան նկարեցի, գնացի Ղազանչեցոց, Կանաչ ժամ, մենակ Կատարո չհասցրեցի գնալ, շատ եմ ափսոսում, սիրտս վկայում էր։ Հենց գնամ, առաջինն այնտեղ եմ գնալու... Գիտե՞ք՝ հիմա ինչ սիրուն աշուն է այնտեղ»,-ասում է Սրբուհին։
Հադրութը հանձնելու մասին հեռախոսով տեղեկացրել է ընկերուհին, քնաթաթախ Սրբուհին բացել է հայտարարությունն ու ապշել։
«Սա միայն Արցախի հարցը չէ, սա Հայաստանի անվտանգության հարց է»,-ահազանգում է Սրբուհին։
Թաղուտ գյուղում ծնված, Հադրութ քաղաք հարս գնացած Լուսինե Մովսիսյանն էլ հիմա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է իր հարազատների, հայրենակիցների, հարևանների հետ միասին։
«Ամուսինս զինվորական է, մինչ այս պահն այնտեղ է։ Ես երեխաներից հետ եմ եկել Հայաստան։ Ասացին՝ մեր տունը վառել են։ Հիմա մենք ասում ենք, եթե Աղդամը տալիս եք, Հադրութը մի տվեք։ Ինչո՞ւ պետք է Հադրութը տան ադրբեջանցիներին, ես այդ հարցի պատասխանը չունեմ»,-մինչ ակցիան Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Մովսիսյանը։
Հայտարարության բովանդակության մասին իմանալուց հետո զանգել է ամուսնուն։
«Մենք լուռ էինք, չէինք խոսում, չգիտեինք՝ ինչ ասել։ Մինչև երեկ լացում էի, բայց երեկ որոշեցի՝ ուժեղ լինել, պայքարել»,-ասում է հադրութցի կինը։
Փոքրիկ քաղաքում գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, մի մասից տեղեկություն ունեն, մյուսներից մինչ այս պահը լուր ճշտել չի լինում, շատերի տներն այրել են, ավերել։
«Մենք պատրաստ ենք վերադառնալ ու ապրել Հադրությում, մենք մեր ծնողների, հարազատների շիրիմներն ենք թողել այնտեղ։ Թողել ենք այնտեղ հարազատների մարմիններ, անհետ կորածներ... Սա ողբերգություն է, որ թշնամուս էլ չեմ ցանկանա»,-նշում է նա։
Ֆրանսիայի դեսպանատնից հետո նրանք կգնան ՌԴ, ԱՄՆ դեսպանատների դիմաց՝ անընդհատ բարձրաձայնելու են, խոսելու են՝ հույսով, որ կույր ու խուլ աշխարհն իրենց դարդին դարման կանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան