Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, ինչպես նաև թշնամին մնում է մինչև այժմ իր զբաղեցրած դիրքերում։ Արցախի ամեն մի շրջանում, այդ թվում՝ Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, մոտավորապես, մինչև 500-700 հուշարձան կա, դրանց զգալի մասը շատ մեծ արժեք են ներկայացնում։
«Ադրբեջանի բռնազավթման մշակութային քաղաքականությունը հանգում է նրան, որ ջարդում են այն ամենը, ինչը գտնում են, որ աշխարհը դրանց մասին տեղյակ չէ, որոշներն առանձնացնում են՝ աշխարհին ներկայացնելով որպես աղվանական մշակույթ, ցույց տալու, թե ադրբեջանցիները աղվանների հետնորդներն են։ Կարծում եմ՝ այդ տենդենցն այդպես էլ շարունակվելու է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ այն հուշարձանների մեծ մասը, որոնք շատ հայտնի չեն գիտական հասարակությանը, խորհրդանշական իմաստ, նշանակություն ձեռք չեն բերել, ամենայն հավանականությամբ, ինչպես Ադրբեջանը նախորդ ժամանակներում արել է, ոչնչացնելու է։ Այն հուշարձանները, որոնք շատ հայտնի են, գիտական շրջանառության մեջ են, օրինակ Դադիվանքը, Ծիծեռնավանքը, որոնք 60-ականներից ի վեր ադրբեջանցիները համարում են ոչ թե հայկական, այլ աղվանական, հնագետը կարծում է, դրանք կպահպանեն ու Ադրբեջանը կներկայացնի որպես ոչ հայկական մշակութային ժառանգություն։
Հ. Պետրոսյանը, ով 16 տարի Տիգրանակերտի հնագիտական հուշարձանում պեղումներ է իրականացնում, նշեց, որ այն հայկականության ամենավաղ և ամենահավաստի վկայությունն է այդ տարածքում։
Նա ասաց՝ ամեն ինչ արել է, որ երբեք չգա այս օրը։
«Հայկական կողմը ոչ թե բանակցություններ է սկսել, այլ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Բանակցությունների ժամանակ կարելի է ինչ-որ բաներ ասել, օրինակ՝ այսքան հողը ձեզ տանք, դրա փոխարեն այս 1/10 հողը մեզ տվեք։ Մեր իշխանություններն իրենց ապաշնորհությամբ ոչ մի հնարավորություն մեզ չթողեցին։ Ես ամեն ինչ արեցի, որ այդ տարածքները հայկական են»,- ընդգծեց մշակութաբանը։
Նա նշեց, որ Արցախի տարածքում մեծ թվով եկեղեցիներ, վանքեր կան բազմաթիվ արձանագրություններով, սակայն Տիգրանակերտը այդ բոլորից հին է առնվազն 500-600 տարով։
«Փաստորեն այդ հուշարձանը, որը Կովկասի զարդն է, մարգարիտն է և հայկական է, այդպես ապաշնորհաբար թողեցինք իրենց»,- ցավով արձանագրեց Հ. Պետրոսյանը։
Հաջորդը Դադիվանքն է՝ Քարվաճառի շրջանում։ Նրա խոսքով, վանքի պատերին 100-ից ավելի արձանագրություններ կան, պատերը ոնց որ մագաղաթ լինեն։
6-7-րդ դդ. թվագրվող Ծիծեռնավանքի հետ, հնագետի ներկայացմամբ, ամբողջ Կովկասում կարող է համեմատվել Աշտարակի Ծիրանավորը, Երերույքի բազիլիկան. այն քրիստոնյա աշխարհի գագաթային ստեղծագործություններից է։
Հադրութի շրջանում մնացել են բազմաթիվ ամրոցներ, նաև Գտչավանքը, որը բացառիկ եկեղեցի է։
«Արցախում երևի ունենք 3-4 գմբեթավոր եկեղեցի՝ Վանքասարի, Գանձասարի, Դադիվանքի եկեղեցիները, Գտչավանքի եկեղեցին»։
Եվ այդ ամենը մնում է իրենց։ Նրանք, ովքեր այդ ամենը հանձնում են, չեն հանձնում, երբեք չեն մտածել մշակույթի մասին, նրանք քաղաքական խաղեր են խաղում։ Կորուստները շատ-շատ մեծ են։ Գոնե ադրբեջանական կեղծ գիտակներն այդ ամենը կհամարեն իրենց սեփականը, աշխարհին ցույց տալու համար կպահպանեն։ Բայց այն խաչքարերը, եկեղեցիները, մատուռները, որոնք հայ շինականի, արհեստավորի, հավատացյալի սիրեցյալ վայրերն են եղել, անպայմանորեն կոչնչացնեն»,- ասաց Հ. Պետրոսյանը։
Նա այլևս հույս չունի, որ պեղումներ կիրականացնի Տիգրանակերտում։
«Ադրբեջանը, կարծում եմ, նախ կցուցադրեն, թե մենք ինչքան վատ գիտնականներ ենք, ինչքան սխալ ենք հետազոտել այդ պատմությունը։ Իրենք 30 տարի Տիգրանակերտի տարածքում աշխատել են, նույնիսկ չեն հասկացել, որ այնտեղ քաղաք կա։ Հիմա հաղթողի սնապարծությամբ կծաղրեն մեզ, մեր արժանիքները, սխալ կհանեն, որ աղվանական է, չնայած անունը Տիգրանակերտ է»,- ասաց Հ. Պետրոսյանը։
Նա շեշտեց՝ այդ ամենը ոչ միայն պարտություն է, այլև հայերը և հայ մշակույթը հայտնվելու է այդ շնաբարո ծաղրուծանակի ներքո. «Թուրքերից մեծահոգություն չպետք է սպասել։ Իրենք ոչ միայն չեն հասկանալու, չեն գնահատելու, այլ իրենց չհասկացածի դիրքերից սկսելու են ծաղրել մեր մշակույթը, մեր հետազոտությունները»։
Հ. Պետրոսյանը նշեց, որ հայտնվելով Տիգրանակերտում՝ ադրբեջանցիները գոնե իրենց սուտը կբացահայտեն, մի քանի հեքիաթ կցնդի։
«Ասում էին՝ մենք գնում ենք դաշտերից քար ենք հավաքում, գիշերը պարիսպ ստեղծում։ Պարիսպի ամեն մի քարը մինչև 1,5 տոննա է։ Երևի իրենք կգան, ուսերը կհենեն, հպարտորեն կնայեն դեպի տափաստանը և հասկանան, որ որոշ տեղերում իրենք էլ են սուտասան եղել, միայն մենք չենք, որ մեզ մեղադրում են որպես սուտասան»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան. Միջոց գտնենք և մեզանից նենգաբար գողացված հող Հայրենիի մասունքները պահպանենք
- Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Պետրոսյան
- Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու
- Համլետ Պետրոսյան. Այս պահին չենք կարող ճշգրիտ ասել, թե Տիգրանակերտի հուշարձանում ինչ վիճակ է
- Հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է