Պարոն նախագա´հ, Ձեր անտարբերության պտուղները դեռ պետք է մարսենք. Անի Սամսոնյան
Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից նկատելի են դարձել նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման վերաբերյալ հնչող կարծիքները։ Այս մասին իր էջում գրել է «ԼՀԿ» պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Տարբեր փորձագետներ, միջազգայնագետներ, վերլուծաբաններ տեսակետներ են հնչեցնում, որ Հայաստանում եղած կուսակցությունները չեն կարող լուծել այսօր երկրի շուրջ ծառացած խնդիրները և հրապարակավ պնդում են, որ Արմեն Սարգսյանն է այն մարդը, ով կարող է համախմբել բոլորին և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։
Առաջին հայացքից այս գաղափարը կարող է թվալ հաճո ժողովրդին և գուցե նախագահի այս հանդիպումների շարքը հենց դրանով է պայմանավորված։
Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ կարող է անել Արմեն Սարգսյանը ստեղծված օրհասական իրավիճակում, ի՞նչ կարող է անել նոր լիազորություններ ստանալով, պետք է վերհիշենք, թե ի՞նչ գործունեություն ծավալեց այն բանից հետո, երբ 2018 թվականին Հանրապետական կուսակցության և հենց Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց հանրապետության նախագահ։ Այդ ողջ ընթացքում երկիրն ապրեց բազմաթիվ ցնցումներ, ունեցավ ներքաղաքական տարբեր գործընթացներ և ողջ քաղաքական համակարգում միակ մարդը, որ անմասն մնաց այդ ամենից հենց ինքն էր՝ նախագահ Արմեն Սարգսյանը։
Քաղաքական համակարգում արբիտրի գործառույթից հրաժարվելուն զուգահեռ, իմքայլական նախաձեռնությունները դակելուց զատ, նա համաձայնեց անգամ իր լիազորությունների կրճատմանը, ինչն, իհարկե, աննաախադեպ արհամարհանք էր իր ներկայացրած ինստիտուտի նկատմամբ։
Հանրապետության նախագահը որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի Հայաստանում լինի հավասարակշռված քաղաքական համակարգ՝ զերծ մեկ ուժի կամ առավել ևս մեկ անձի իշխանությունից։ Իր խուսափողական և սեփական իմիջով պարփակված վերաբերմունքով նա կարծես ցույց էր տալիս լույսը թունելի վերջում, որը, պարզվեց`լուսարձակները միացված գնացք էր և մեծ արագությամբ սլանում էր մեր ուղղությամբ։
Հետևաբար, դադարեցրե´ք այդ ջանքերը և իրացրե´ք ձեր ունեցած սահմանադրական լիազորությունները։
Պարոն նախագա´հ, Ձեր անտարբերության պտուղները դեռ պետք է մարսենք»,-գրել է Սամսոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան