Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան. Վեր կանգնել նեղ խմբակային շահերից, որպես ազգընտիր պատգամավորներ կատարել սուրբ պարտքը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Սիրելիներ,
Այս ծանրագույն կացության մեջ՝ մնալով հավատարիմ հոգևորականի իմ կոչմանն ու առաքելությանը, անխառն սիրով գրկելով իմ հարազատ Ազգի բոլոր քաղաքական ուժերին և Տերունի ամենակեցույց Սբ Խաչի ներքո ի մի համախմբելով բոլորին՝ որպես հոգևոր հայր, որպես հայ, որպես քաղաքացի խնդրում եմ և հորդորում:
Չեմ կասկածում որևէ հասարակական-քաղաքական կառույցի ազնվությանն ու անկեղծ մտահոգությանը, գնահատում եմ հայրենանվեր ջանքերն ու ողջախոհ գործողությունները: Եվ կիսելով բոլորի սթափ մտածումներն ու ազգային-պետական մեր շահերից բխող առաջադրությունները՝ հիմք ունենալով, մանավանդ, Հայ ազգային կոնգրեսի այսօրվա լրջագույն և ամենազգաստ արձագանքը, «Իմ քայլը» խմբակցության սիրելի պատգամավորներին, ի Քրիստոս մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին հորդորում եմ՝ վեր կանգնել նեղ խմբակային շահերից, ազատվել մարդահաճո կապանքներից և որպես ազգընտիր պատգամավորներ կատարել իրենց սուրբ պարտքը՝ Հայրենիքի և Պետության առջև. ՍՐԲԱԳՐԵՑԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՍԽԱԼԸ:
Ձեզ ուղղված այս բոլոր խոսքերի մեջ տեսեք և լսեցեք Աստծո արդար ձայնը և կանխեցեք արհավիրքը: Ձեզ տրված իշխանությունն ամենայն պատասխանատվությամբ և ամբողջապես ծառայեցրեք Հայաստանի, մեր Պետության և Ազգի շահերին:
Աղոթում եմ և մնում եմ լիահույս, որ հայրենասիրությունը, ազգասիրությունը կգերադասեք անձնասիրությունից:
Ահա, որպես հոգևոր հայր, իմ հորդորը, խնդրանքը մատուցեցի Ձեզ. այլևս անպարտ եմ իմ խղճի և արդարադատ ու ամենատես Աստծո առջև:
Աստված Ձեզ օրհնի և իմաստությամբ զորացնի՝ հանուն հայրենաշեն ՔԱՅԼԻ։
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
զինվորյալ միաբան»:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը
- Մարուքյանի հարցը իմքայլականներին
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան