ՄԱԿ-ի փորձագետները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել տարածաշրջանից հետ կանչել բոլոր օտարերկրյա վարձկաններին
ՄԱԿ-ի փորձագետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել տարածաշրջանից հետ կանչել բոլոր օտարերկրյա վարձկաններին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման աշխատանքային խմբի հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում կողմերին և նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել վարձկաններին և նրանց հետ կապված անձանց և չմասնակցել հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը»,- ասվում է փորձագետների հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման աշխատանքային խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից. Ելենա Ապարակ, Լիլիան Բոբեա, Ռավինդրան Դանիել, Սորշա ՄակԼեոդ և նախագահ Քրիս Կվաջա:
Փորձագետները ընդգծել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում: Այնուամենայնիվ, նրանք մտահոգություն հայտնեցին հակամարտության գոտում և դրա շրջակայքում վարձկանների օգտագործման կապակցությամբ:
Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի, Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի օժանդակությամբ, ապավինում է սիրիացի գրոհայինների աջակցությանը՝ ռազմական գործողությունները Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում նար առաջնագծում շարունակելու համար: Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, զինյալները հիմնականում անձնական շահով են առաջնորդվում, քանի որ, ինչպես հաղորդվում է, մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացել են ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն:
Բացի այդ, հաղորդվում է, որ Թուրքիան զինված խմբավորումների միջոցով իրականացրել է սիրիացի տղամարդկանց լայնամասշտաբ հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան, որոնց մի մասը կապված է ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի հետ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում տեղակայված սիրիացի զինյալները կապված են զինված խմբավորումների և անհատների հետ, որոնք մի շարք դեպքերով մեղադրվել են Սիրիայում հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ:
«Թուրքիայի ունեցած հավանական դերն առավել անհանգստացնող է՝ հաշվի առնելով այս տարվա սկզբին աշխատանքային խմբի կողմից ներկայացված նմանատիպ այլ մեղադրանքները՝ կապված Լիբիայի հակամարտությանը մասնակցելու համար զինյալների հավաքագրման, տեղակայման և ֆինանսավորման գործընթացներում նրա դերի հետ», - ասել է Աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան:
Աշխատանքային խումբը նաև հաղորդումներ է ստացել, ըստ որոնց, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցելու նպատակով Հայաստանը մասնակցել է օտարերկրյա քաղաքացիների ներգրավմանը: Փորձագետները ուսումնասիրում են այս հաղորդումները`շահադիտական գործունեության հետ կապված հնարավոր հնարավոր դրդապատճառները պարզելու համար:
Ինչպես նշվում է, աշխատանքային խումբը օտարերկրյա զինյալների հետ կապված իրավիճակի մասին իր մտահոգությունները փոխանցել է Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես նաև տեղեկացրել է Սիրիային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան