Երբ ասում եմ՝ Արցախը ծախել եք, դա փաստ է, և դրա համար դուք իրավունք չունեք որևէ մեկին կալանավորելու. Զոհրաբյան
Մատենադարանի դիմաց մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթը։
«Տեղեկատվություն կա, որ բոլորիս՝ այդ թվում ինձ, գալու և տանելու են։ Այդ դեպքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շատ օպերատիվ հավաքվելու է և մեզ զրկելու է պատգամավորական անձեռնմխելիությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքին մասնակցող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, հանրահավաքին մասնակցողներից և ոչ ոք որևէ բան չի ասել, որի հիման վրա կարող են քրեական գործ հարուցել։ Պատգամավորը տեղեկացրեց, որ իր ստացած ահազանգերի հիման վրա դիմել է եվրոպական և ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին։
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ այս պահին տասից ավելի գործիչներ կալանավորված են, և, իր խոսքով, փաստացի քաղբանտարկյալներ են։ Նրանց շարքում են Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արա Սահակյանն ու Արծվիկ Մինասյանը։
«Այսքան տարի հետո իրեն ժողովրդավար հռչակած, ժողովրդի ամենաբարձր քվեով ընտրված ղեկավարի կողմից Հայաստանը դարձավ քաղաքական բանտարկյալների երկիր»,- վստահեցրեց նա։
Պատգամավորի խոսքով, իրենք ոչ մի հավակնություն չունեն, բայց «զոմբիներն» իրեն տարբեր սպառնալիքներ են հնչեցնում՝ ընդհուպ վիզը կտրել և մորթել.
«Եթե ինձ հետ որևէ բան պատահեց, դրա ողջ և միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»։
Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, գլխավոր դատախազին հանձնարարված է կյանքի գնով իրավական հիմնավորում գտնել իրեն և Գևորգ Պետրոսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար, բայց դատախազը դժվարանում է գտնել որևէ հիմնավորում։
«Եվ երբ ես ասում եմ, որ դուք Արցախը ծախել եք, դա փաստ է, և դրա համար դուք իրավունք չունեք որևէ մեկին կալանավորելու։ Կկալանավորեք, մենք շատ սիրուն նախապատրաստվել ենք, թե Նաիրայից հետո ով է գալու, մյուսից հետո՝ ով։ Երեք մլն ժողովո՞ւրդ եք կալանավորելու։ Էն տղաները, որ իջնում են դիրքերից, չգիտեին, որ հողերը հանձնել եք։ Իրենք հավատացել են Արծրունին, որ ասել է՝ Իլյուշ, սպասի, հեսա գալիս ենք Բաքու, չայ ենք խմելու։ Արծրո՞ւն, կարո՞ղ է հիմա Բաքվում չայ ես խմում, էս ո՞ւր ես։ Էդ տղաները չգիտեին այս արհավիրքի մասին, նրանք գալու են ու հարցեր տալու։ Հիմա ինչ ուզում եք արեք, ինչ մոր կորուստ ուզում եք շահարկեք, գնացեք կամեռան դեմ տվեք, խնդրեք, որ մեզ ահաբեկի, ասի՝ իմ որդին զոհվել է, բայց մեր վարչապետին բան չասեք..., խոնարհվում եմ բոլոր մայրերի առջև, թույլ մի տվեք, որ ձեր ցավը շահարկեն ու շահագործեն»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, ոչ ոք չի հավատում իշխանական քարոզչամեքենայի պատրաստած տեսանյութերին, և մազերը ֆենած և «մանիկյուռ» արած տղաների՝ իբր հենց նոր դիրքերից իջնելուն.
«Դուք հասկանո՞ւմ եք՝ ոնց են ծիծաղում ձեր վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը նույնպես բերման է ենթարկվել
- Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի