Խնդիրների գերակշռող մասն առաջանում է, քանի որ արցախցիները ցանկանում են տեղավորվել Երևանում. Վիրաբյան
«Օպերատիվ շտաբի հիմնական խնդիրները ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը՝ անդրադառնալով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությանն ուղղված աշխատանքներին։
Նա տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում (շտաբը գործում է հոկտեմբերի 25-ից, խմբ.) լուծվել են արցախցիների բազում սոցիալական, կրթական, առողջապահական և իրավաբանական այլ խնդիրներ։
«Մեզ ուղղված հարցերը շատ-շատ են՝ սկսած կեցության խնդիրց, սննդից, տաք հագուստից մինչև փաստաթղթերի ձևակերպում և կենսաթոշակների հարցեր։ Օրվա ընթացքում մեզ դիմում են 300-ից ավելի մարդիկ։ Զանգերի միջոցով հարցեր են ուղղում հազարավոր քաղաքացիներ»,- ներկայացրեց նա։
Դիտարկմանը, որ այս օրերին Արցախից ժամանած շատ քաղաքացիներ ահազանգում են, որ խնդիրներ ունեն՝ կապված փաստաթղթերի հետ, Միքայել Վիրաբյանն արձագանքեց՝ Վարդանանց 16/1 հասցեում գտնվող օպերատիվ շտաբն ունի իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ, այնտեղ գործում է ՔԿԱԳ բաժին, պետական ռեգիստրի բաժին.
«Քաղաքացիներին տրվում են պարզաբանումներ, օգնում են զբաղվել համապատասխան փաստաթղթերի ձևակերպման խնդիրներով։ Բոլոր առումներով ծառայություններ մատուցվում են։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ արդեն երկրորդ ամիսն է՝ ՀՀ տարածքում վճարվում են արցախցիների կենսաթոշակներն ու նպաստները։ Իհարկե, առաջին ամսում կային որոշ խնդիրներ, և այստեղ գտնվող արցախցիների 93%-ն է ստացել իր կենսաթոշակը։ Իսկ այժմ արդեն սկսվել է նոյեմբերի նպաստների տրամադրումը, բացառությամբ զինծառայողների կենսաթոշակների, որը արդեն կլինի երկուշաբթի օրվանից՝ նոյեմբերի 16-ից։ Միևնույն ժամանակ, ՀՀ սոցնախարարության հետ եկել ենք համաձայնության, որ ամբողջ ՀՀ տարածքում արցախցիները կարող են դիմել սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին և դիմել իրենց խնդիրներով»։
Հարցին, թե արդյոք այս օրերին չեն եղել արցախցիների կեցության ապահովման հետ կապված խնդիրներ, պաշտոնյան պատասխանեց՝ ՀՀ-ում գործում է կարգ, որ կեցության խնդիրները պետք է ապահովի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Օրվա բոլոր ժամերին կապի մեջ եմ փոխնախարարի հետ, փորձում ենք բոլոր խնդիրներին լուծումներ տալ։ Ազդակները, հնչող հարցերը, բնականաբար տեղ ենք հասցնում, միասնական լուծումներ ենք տալիս։ Խնդիրները երկկողմանի են. ես խնդրում եմ մեր քաղաքացիներին ընդունել առաջարկները, և չառաջնորդվել սկզբունքով, որ անպայման պետք է տեղավորվեն Երևան քաղաքում։ Խնդիրների գերակշռող մասը հիմնականում նրանից է առաջանում, որ արցախցիները ցանկանում են տեղավորվել Երևան քաղաքում։ Մենք պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև հիվանդանոցներից դուրս գրված վիրավորներին հնարավորություն տանք, որ տեղավորվեն Երևան քաղաքում, որպեսզի կարողանան ստանալ բժշկական օգնություն»,- շեշտեց Միքայել Վիրաբյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին որևէ անօթևան, առանց տանիքի մնացած արցախցի չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան