Ո՞նց գնամ երեխուս շիրիմը բերեմ. արցախցի կին
«Արցախյան շարժումից հետո տեղափոխվել էինք Արցախ՝ մշտական բնակության։ Իմ 13 տարեկան տղան՝ որպես փոքրիկ ֆիդայի, հետևել է հորը և մասնակցել մարտերին։ Իսկ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, 3 «БТР» կասեցնելով, հայրենիքի համար զոհել է իր կյանքը»,- այսօր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Եկատերինա Թումանյանը։
Արցախցի կնոջ խոսքով, երբ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո իրենց ասել են, որ պետք է լքեն տները, ինքը պատից պոկել է որդու նկարը և հետը բերել Երևան.
«Բա շիրիմը ո՞նց բերեմ, ո՞նց գնամ իմ երեխու շիրիմին։ 13 տարեկան երեխաս «Արիության» մեդալի է արժանացել, հիմա ես իրենց թողել եմ այնտեղ ու եկել։ Թշնամու զինվորը պիտի գա, ես ո՞նց գնամ իմ երեխու շիրիմին։ Հիմա իմ երեխու շիրիմը ո՞նց թողնեմ էնտեղ։ Իմ տղան մինուճար էր, իսկ աղջիկներս էլ փախստականի վիճակով եկել են հետս։ Հիմա չգիտենք՝ գնա՞նք, թե մնա՞նք այստեղ»։
Տիկին Եկատերինան նշեց, որ ինքը չի եկել Ազատության հրապարակ՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինքը եկել է՝ իր ժողովրդի համար, որ իշխանությունը ինչ-որ բան մտածի ու արցախցիների համար պայման ստեղծի՝ իրենց տներ գնալու։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է զբաղվում, ի՞նչ է անում, որ արցախցիների շահերը դետալ առ դետալ պաշտպանված լինեն. Բեքարյան
- Սա պայքար չէ պատերազմի համար. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին