Աբրահամ Գասպարյան. Ընկրկել չկա, կանգնել չկա
Հաղորդավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը գրում է.
«Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքը՝ ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի վերաբերյալ և կոչ անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն:
Հիմնավորումները՝ պետիցիայի կից փաստաթղթում: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ, կարող են սեղմել ներքոնշյալ հղումը, ընթերցել ու ստորագրել: Նախատեսում եմ հավաքել հնարավորինս շատ ստորագրություն: Դիմում եմ նաև սփյուռքի իմ հայրենակիցներին՝ արգելակելու մեր ժողովրդի ու պետության մայրամուտը ազդարարող այս գործընթացը: Շնորհակալ եմ բոլորիդ: Ընկրկել չկա, կանգնել չկա: Պիտի պայքարենք մինչև վերջին շունչը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մենք՝ ներքոստորագրյալներս, սույնով հաստատում ենք, որ մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախում պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 10-ին հանրության համար միանգամայն անսպասելի ընդունված հայտարարությունը, որով, փաստացիորեն, ՀՀ-ը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացրել է ՀՀ ազգային-պետական շահերը անդառնալիորեն վտանգող համաձայնություն, որին հաջորդել է միջազգային փաստաթղթի՝ հայտարարության ընդունումը: Այն խորքային հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության դրույթների հետ (հոդված 116, 118, 205), ինչպես նաև միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ 1, 5, 10, 18, հոդված 6-ի առաջին, հոդված 12-ի 2-րդ, 3-րդ, հոդված 17-ի, հոդված 23-ի առաջին կետերի հետ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հայտարարությունը չի անցել ներպետական օրենսդրական համապատասխան գործընթաց․ ըստ էության, այս փաստը պետք է բավարար լիներ՝ ի սկզբանե մերժելու այս փաստաթուղթը։ Սակայն հանցավոր համաձայնության պայմաններում այն ընդունվել է, մինչդեռ րոպե առաջ անհրաժեշտ է հայտարարել ԱՆՎԱՎԵՐ: Նման բովանդակությամբ հայտարարությունը հակասում է ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգային կենսական շահերին, դրանում ամրագրված դրույթների իրականացումն սպառնում է հակամարտության նոր էսկալացիայով՝ անկանխատեսելի հետևանքներով:
Պահանջում ենք՝
1- Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և Արցախի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,
2- Դադարեցնել Արցախի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,
3- Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,
4- Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,
5- Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:
Ամփոփելով՝ վերահաստատում ենք, որ այս փաստաթուղթը չի ապահովում հայության ու հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական շահերը, չի երաշխավորում արցախցու անվտանգությունը, Արցախի հետագա կարգավիճակը և հղի է ռազմական անվտանգության, տնտեսական ու ժողովրդագրական նոր սպառնալիքներով: Նման կապիտուլյացիոն փաստաթղթի ընդունումն ու իրագործումը լրջագույն սպառնալիք են այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյությանը»։