«Ժողովուրդ». Միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխարհի բնապահպանական խոշոր կազմակերպությունները բերանները ջուր են առել. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կողմից Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, ֆոսֆորային զենքի կիրառումից հետո միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են: Դրանք անպատասխան են թողել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ իրենց ուղղված զեկույցը: Մինչդեռ Հայաստանն ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին, իսկ հետևանքներն աղետալի ու երկարատև կարող են լինել։
«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս նոյեմբերի 2-ին զեկույց էր պատրաստել միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին և կոնվենցիաներին ուղարկելու համար: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ որ արձագանք, որևէ պատասխան դեռ չեն ստացել:
Հիշեցնենք՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել էին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև առաջացրել է մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Տեղեկացնենք, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները՝ այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլևս չշարունակվի կիրառվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում