Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Անցած գիշեր կյանքի 85 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Մահազդը տարածել են ռուսական ԶԼՄ-ները։
Հայկական, խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին Երևանում։
Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։
Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального искусства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։
1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։
1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի «Վազք» ներկայացումներում։ 1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։
Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)