Պուտինը հրամանագիր է ստորագրել ԼՂ մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։
Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում ասվում է.
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու համար որոշում եմ.
1. Ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ`միջգերատեսչական կենտրոն):
2. Սահմանել, որ.
ա) միջգերատեսչական կենտրոնի հիմնական գործառույթներն են.
Լեռնային Ղարաբաղի շրջանները լքա] քաղաքացիներին՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալուն օժանդակելը,
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական մարմիններին Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և բնակչության բնականոն կյանքի համար պայմանների ստեղծման աջակցությունը,
ռազմական գործողությունների արդյունքում տուժած Լեռնային Ղարաբաղի շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար Ռուսաստանի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգումը,
միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական մարմիններին օժանդակությունը,
բ) միջգերատեսչական կենտրոնում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև դաշնային գործադիր այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
3. Միջգերատեսչական կենտրոնի ստեղծման և գործունեության հետ կապված կազմակերպական և այլ հարցերի որոշումը վստահվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին