Արթուր Վանեցյան. Տարբեր զրկանքների, անգամ կյանքի գնով պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, արդեն մի քանի ժամ է, խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։
Արթուր Վանեցյանը, ով այդ լուրը լսելուն պես շտապել էր ծնողների բնակարան, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ այս ամենը հերթական ապօրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից։
«Սա ապօրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Մինչև Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան գնալը, ԱԱԾ աշխատակիցները եղել են նաև նրա տանը, որի վերաբերյալ Ա. Վանեցյանն ասաց. «Այս փնթի իշխանություններն իրենց գործելաոճը չեն փոխում։ Եկել են մեր տուն խուզարկության, բերել են դատարանի սանկցիա այլ հասցեի, որի արդյունքում մեր բնակարանի խուզարկությունը չիրականացավ։ Կարծում եմ՝ հիմա կգնան կուղղեն, նորից կգան ու խուզարկություն կանցկացնեն, բայց ես որևէ խնդիր չունեմ, կարող են գալ խուզարկության՝ երբ կցանկանան»։
Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցները բավականին շատ են, և ծնողների տանը շարունակում են քննչական գործողություններ կատարել։
Հարցին՝ ի՞նչ են փնտրում, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ զենք, զինամթերք, ինչ-որ համակարգիչներ։
«Հորս տանը կա բավականաչափ որսորդական զենք, որի պահումն օրինական է, այն ներկայացվել է նախաքննական մարմնին, արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Ամբողջովին պլանավորված գործողություններ են իրականացնում, մեր գործունեությունը՝ միտված հայրենիքի փրկությանը, չկա օրինականության որևէ նշույլ։ Ուզում եմ դիմել իրավապահ համակարգի տղերքին ու ասել՝ տղերք, մի դարձեք հայրենիքի վաճառքի մասնակից, դուք ուսադիր ունեք, պատիվ ունեք, մի դարձեք դրա մասնակիցը՝ այսքան բան»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարություն են տարածել ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է.
«Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։
Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։
Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։
Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի փաստաբաններ. Իշխանության մտքի թռիչքը հասել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»
- ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը
- ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում նաև Վանեցյանի ծնողների տանը
- Բաբայան. ԱԱԾ-ն ներխուժեց նաև Արթուն Վանեցյանի տուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին