Հեռանում է խորհրդային կինոյի փառքը կերտողների սերունդը. գործընկերները՝ Արմեն Ջիգարխանյանի մասին
Արմեն Ջիգարխանյանի ընկերները և գործընկերները խոսել են նրա մահվան պատճառների մասին:
Դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանի խոսքով, հիվանդանոցում բժիշկները փորձել են փրկել Ջիգարխանյանի կյանքը, բայց ապարդյուն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցավոք, առողջության վիճակն այդպիսին էր, նա լուրջ հիվանդ էի»,- «Զվեզդա» պարբերականին հայտնել է Սողոմոնյանը:
REN-TV- ին տված մեկնաբանության մեջ Սողոմոնյանը նշել է, որ դերասանի քրոնիկ հիվանդությունները սրվել էին, և նա վերջերս գտնվում էր հիվանդանոցում:
«Կային առողջական անդառնալի պրոցեսներ, որոնք հնարավոր չէր կանգնեցնել: Առավոտյան ժամը վեցին նրա սիրտը կանգ առավ»,- ասել է Ջիգարխանյանի ընկերը:
Ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը «360» հեռուստաալիքին հայտնել է, որ մահվան պատճառը կապ չունի կորոնավիրուսի համաճարակի հետ:
«Դրանք հիվանդությունների մի խումբ էին, որոնք համընկան»,- բացատրել է նա:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն առանձնանում էր բազմակողմանիությամբ և աշխատասիրությամբ, էկրանին նրա հայտնվելը բերում էր հրճվանքի և անկեղծ ուրախության, նա ուշադիր և աներևակայելի ուժեղ անձնավորություն էր, ասել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:
Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլգա Կազակովան ևս ցավակցություն է հայտնել դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանիքին և մերձավորներին և նշել, որ նրա թատերարվեստից դեռ դերասանների մի քանի սերունդ է սովորելու:
«Խորհրդային կինոյի փառքը կերտողների սերունդը հեռանում է: Համոզված եմ, որ դերասանական մասնագիտություն ընտրածների ևս մի քանի սերունդ կսովորեն Արմեն Բորիսի գործերից: Հումոր, շող, խորություն, բնական կերպարներ, հերոսների ինքնատիպություն է արարել այս տաղանդավոր մարդը, և նա կմնա մեր հիշողություններում և սրտերում: Պայծառ հիշատակ և ծափահարություններ մեր սիրված դերասանին», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Կազակովան:
«Կյանքից հեռացավ թատրոնի ռեժիսորը, ուսուցիչը, սովետական և ռուսական ամենավառ դերասաններից մեկը, որի գործերն իրավամբ ընդգրկված են ռուսական կինոյի ոսկե ֆոնդում: Ավելի քան 60 տարի առաջ Արմեն Բորիսին առաջին անգամ հայտնվեց բեմում, և այդ ժամանակից ի վեր նրա կյանքը անխզելիորեն կապվեց թատրոնի հետ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում նա հեռուստադիտողին նվիրեց բազմաթիվ փայլուն դերեր և մարմնավորեց հիանալի կերպարներ, որոնք հնարավոր չէ մոռանալ»,- նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է նախարարի խոսքը:
«ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կատարյալ երևույթ է թատրոնում և կինոյում, նա ուներ յուրահատուկ մարդկային ջերմություն և ամեն ինչ անում էր «ախորժակով», այդ պատճառով բոլորը նրան այդքան շատ էին սիրում: «ՌԻԱ Նովոստի»,-ին ասել է ռեժիսոր Յուրի Գրիմովը:
«Մեծ կորուստ: Մեծ դերասան, մեծ մարդ: Նա ուներ մարդկային յուրահատուկ ջերմություն: Երբ աշխատում էինք «Կուկոցկու կազուսը» ֆիլմի վրա, նա կարողացավ ջերմացնել ամեն ինչ և բոլորին, և նույնիսկ տաղավարում, նա դա արեց ախորժակով: Ամեն ինչ արեց ախորժակով, այդ պատճառով այնքան շատ էին սիրում նրան: Նա բացարձակ անվիճելի երևույթ է թատրոնում և կինոյում»,- ասաց Գրիմովը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Ջիգարխանյանը խաղացել է ավելի քան 200 կինոնկարներում, այդ թվում ՝ «Ողջույն, ես քո մորաքույրն եմ», «Շունը խոտի վրա», «Հանդիպման վայրը փոխվել չի կարելի» և շատ այլ ֆիլմերում: 1996 թվականից դերասանը ղեկավարում է Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը: