Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդասիրական խնդիրներն ավելի ու ավելի են աճում. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը տեսախորհրդակցություն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ և այդ հանդիպման շրջանակներում հայտարարել է կենտրոնի ստեղծման մասին, որը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի փախստականների վերադարձի խնդրով:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ Նախագահը նշել է, որ կենտրոնը համագործակցելու է նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների հետ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և Ղարաբաղում բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու համար:
Լեռնային Ղարաբաղին մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին կարող է օգնել փոխգործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը տեսախորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին խնդրել է զեկուցել Լեռնային Ղարաբաղում բնակչությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին:
«Եվգենի Նիկոլաևիչ, եթե քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ օգնության կարիք լինի, իսկ ես տեսնում եմ, որ դա կլինի, ի՞նչ հնարավորություններ ունի նախարարությունը դրան անմիջապես արձագանքելու համար»,- հարցրել է Պուտինը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար խնդիրները լուծելու համար անցկացված խորհրդակցության ժամանակ:
«Մենք պատրաստ ենք այդտեղ համախմբված խումբ ուղարկել որոշում կայացնելու պահից ութ ժամվա ընթացքում»,- հավաստիացրել է Զինիչևը:
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական, ներառյալ փախստականների վերադարձի հետ կապված խնդիրները հետզհետե ավելի են աճում, խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ամեն օր մարդասիրական խնդիրները ավելի ու ավելի են աճում: Դա փախստականների տեղափոխումն ու վերադարձն է, և, բնականաբար, նաև այլ հումանիտար խնդիրներ», - ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց. «Արցախցիներին պետք է լինի հստակ աջակցություն՝ և սոցիալական, և նյութական։ Բայց ես կարծում եմ, որ այդ աջակցությունը նրանք պետք է ստանան Արցախում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան