Արամ Առաջին. Պետք է մերժել օրհասական պայմաններով, անորոշ կետերով լեցուն փաստաթուղթը
«Մեր քաջ բանակը հերոսաբար դիմադրեց արդիական զենքերով զինված ադրբեջանա-թուրքական և ահաբեկչական հսկա բանակին։ Հարգանք ու պատիվ մեր նահատակներին։ Պատերազմը ավարտված չի։ Լինենք զգոն ու իրատես»,-Արցախի ու Հայաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ իր ուղերձում ասում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Նա նշում է՝ Հայաստանն ու Արցախը վտանգված են իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով, մեզ շրջապատող պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերը ի նպաստ մեզ չեն։
Արամ Առաջինը մի քանի կետ է նշում.
«1. Պետք է մերժել օրհասական պայմաններով Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրած, անորոշ կետերով լեցուն, վտանգալից հետևանքներով հղի ներկա փաստաթուղթը։
2. Պետք է զգույշ լինել ներքին բևեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից՝ հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Հայաստանի և Արցախի անվտանգությունը երաշխիք են մեր ազգի և հայրենիքի հզորության։
3. Պետք է ծրագրված ու հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի միջև աշխատանքի հստակ բաժանումով հետամուտ լինել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Միաժամանակ անհրաժեշտ է, որ պայմաններից ելնելով Հայաստանում պարտադրված ապաստանած Արցախի մեր զավակները վերադառնան իրենց տուն և վերականգնեն իրենց կյանքը։
4. Պետք է գործել միայն ու միայն ազգի ու հայրենիքի գերագույն շահերից մղված՝ հեռու մնալով անձնական ու կողմնակի մոտեցումներից»։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջաինը նշում է՝ հայ ժողովուրդ, սա է պահանջում ներկա ճակատագրական պահը. «Հայաստանը մենք ենք՝ բոլորս, միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս, միասնաբար, սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս, միասնաբար։ Հետևաբար մեր հավաքական վճռականությամբ չպետք է թույլ տանք, որ մեր հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի մաս։
Պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր
- Գարեգին Երկրորդ. Կոչ ենք ուղղում ՀՀ և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան