Լավրովն ու Մնացականյանը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանն առնչվող հարցեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված հարցերը։
Լավրովը Մնացականյանին տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմանի կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու կարևորությունը՝ ի շահ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրության թեթևացման և կրոնական ու մշակութային կառույցների պահպանման»,- նշվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Եվս երկու ռուսական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ ու զրահատեխնիկա
- Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
- Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ