Սփյուռքը, վստահ եմ, հպարտ կլինի, որ իր հանգանակած գումարներով արցախցին տուն ունենա
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սփյուռքի հանգանակած գումարներով տեղահանված արցախցիների համար բնակարաններ գնեք
Դաժան պատերազմի օրերին, երբ մեր պայծառ տղաները թուրքի «Բայրաքթարների» դեմ անհավասար կռիվ էին մղում, որ հետո որոշ շառլատան դավաճաններ հայտարարեն, թե պարտվեցինք, որովհետեւ դասալիքները շատ էին, իսկ Արցախի անհասկանալի նախագահը հայտարարի, թե դավաճան ենք ազգովի, պատերազմի օրերին հայկական Սփյուռքը, այն Սփյուռքը, ում տարատեսակ անհայրենիք քիսոներ փորձեցին իմ դեմ հանել, Սփյուռքը արեց իրենից կախված ամեն ինչ՝ բանակին ու զինվորին օգնելու համար։
Սփյուռքը, ինչպես միշտ, միավորվեց ու դեղից, բուշլատից, առաջնագծի համար անհրաժեշտ տեխնիկայից, տաք գուլպայից բռնած՝ հասցրեց հայ զինվորին։
Ես տեսել եմ, թե ինչպես էր մարսելահայ մեր համայնքը խնդրում, որ Հայաստանի կառավարությունը թույլատրի, որպեսզի համայնքի գումարներով չարտերային ինքնաթիռը, բեռնված 13 տոննա անհրաժեշտ բեռով, հասնի Երեւան։ Քանի օր շարունակ Դիդյե Փարաքյանի հետ միասին ես եմ զբաղվել պարզ մի թույլտվություն, այն է՝ համայնքի գումարներով չարտերային թռիչքի իրավունք ստանալու համար։
Ես տեսել եմ, թե ինչպես են Վիեննայի երկու հայկական եկեղեցիներում հայ կանայք իրենց ձեռքի պատրաստած քաղցրավենիքը վաճառում ու գումարը փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամին։
Ու այդպես եղել է աշխարհի բոլոր հայկական համայնքներում։
Սփյուռքը, հաշված օրերի ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցեց 160 միլիոն դոլար՝ զենք գնելու համար։ Զենք, որն այդպես էլ չգնվեց։
Հիմա ասածս ինչ է։ Արցախը թուրքին հանձնելու խայտառակ փաստաթղթից հետո Արցախի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ տեղափոխվել են Հայաստան եւ այսօր բնակարանի խնդիր ունեն։ Մարդկանց փորձում են տեղավորել տարբեր հյուրանոցներում, դպրոցներում ու մանկապարտեզներում։
Դա հարցի լուծում չէ։
Էս որ Արցախի փրկության կոմիտե եք ստեղծել, Սփյուռքի հանգանակած 160 միլիոն դոլարով բնակարաններ գնեք արցախցիների համար։ Այդ գումարը բավական կլինի նաեւ մարդկանց սկզբնական փուլում ամսական որոշակի ֆինանսական աջակցություն տալու համար, մինչեւ նրանք կկարողանան ադապտացվել ու գտնել աշխատանք։
Մեկ ստորագրությամբ մարդկանց տնավեր եք սարքել, ստիպել եք սեփական ձեռքով այրել իր տունը, որ թուրքի բաժին չդառնա ու հիմա բոլորս մեծ պարտավորություն ունենք արցախցու առաջ։
Իսկ Սփյուռքը, վստահ եմ, հպարտ կլինի, որ իր հանգանակած գումարներով արցախցին տուն ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլ»-ի մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյան. Այն, ինչ ես տեսա «Զվարթնոց» օդանավակայանում, ուղղակի ամոթալի էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան