Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
Աժ-ն այսօր երեք անգամ փորձեց քվորում ապահովել, որպեսզի հարցեր ուղղի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երկու անհաջող փորձից հետո Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորեց քվեարկել նաև իրենց գործընկերների փոխարեն, որից հետո միայն նոր 70 ձայնով ապահովվեց քվորոմ:
Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները ներկա չէին դահլիճում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իշխող խմբակցության պատգամավորները կբարձրացնեն նաև ընդդիմադիրներին հուզող հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվեց 31 պատագամվոր: Առաջին հարցը հնչեցրեց իմքայլական Գոռ Գևորգյանը։
Գ. Գևորգյան. Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը բախվել է աղետալի իրողության, և ես մեկ հարց կտամ այսօր. յուրքանչյուր պատերազմի հիմքում դրվում է տնտեսական հստակ հաշվարկ՝ պրոֆիլային գերատեսչության կողմից։ Արդյո՞ք Ձեզ՝ որպես պետության ղեկավարի, պրոֆիլային գերատեսչությունների կողմից տրվել է հաշվարկ առ այն, որ «X» ժամանակահատվածում մեր ԶՈՒ-ն կարող է դիմակայել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ծավալուն գրոհներին։ Արդյո՞ք մենք ունեցել և տիրապետել ենք այն ռազմական հետախուզական տվյալներին, թե ինչ պոտենցիալի առաջ ենք կանգնած։ Եթե այս հաշվարկները չեն ներկայացվել, ենթադրում եմ այլ ենթատեքստ պետք է քննարկենք և հասկանանք, և եթե ներկայացվել են, ապա ինչո՞ւ չեն համապատասխանել մեր ընդհանուր քաղաքականությանը։
Ն. Փաշինյան. Հարցը մի քանի անգամ ԱԽ նիստերում քննարկվել է, և կատարվել է գնահատում ու հաշվարկ, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկման դեպքում մենք ինչ տնտեսական պոտենցիալ ունենք, զենքի ինչ պոտենցիալ ունենք և այլն։ Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը և, ինչպես բազմիցս ասել եմ, 2020-ի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավականին հաջող դիմակայել Ադրբեջանին, և նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների՝ պրոցեսին ներգրավվելու։
Ինչ վերաբերում է պատերազմը կանխարգելելուն ուղղված գործողություններին, ապա, այդ դեպքում, ըստ էության, ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին։ Եվ ինչպես մի քանի անգամ նախկինում ասել եմ՝ այն առանձնահատկությունը կար, որ եթե ՀՀ-ն համաձայն լիներ այդ պայմանին, Ադրբեջանն ավելի էր կոշտացնելու իր դիրքորոշումը, և դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանությամբ գործողություն, ինչը նախորդ տարիներին մենք անընդհատ տեսել ենք։ Այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք։ Եվ ես ուզում եմ հետևյալն ասել, այո՛ պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է ՀՀ օրակարգում, բայց երբեք ՀՀ օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում՝ ամեն գնով, կամ ամեն ինչի գնով։ Այսինքն՝ պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձևով ընդունելի լիներ։
Չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունն երաշխավորվեր
Հայկ Սարգսյան- Երկու խնդիր է հիմնականում հուզում մեր հանրությանը, թե որտե՞ղ ենք մենք սխալվել, ի՞նչ սխալներ ենք կատարել: Թեև հիմա պատերազմական իմաստով ամբողջովին գործողություններն ավարտված չեն, բայց կարծում եմ, որ արդեն իսկ ժամանակն է խոսել մեր սխալների մասին և փուլ առ փուլ առաջ գնանք, որպեսզի մեր հանրությունը ևս տեղյակ լինի, թե, օրինակ, որտեղ ենք սխալվել հակաօդային պաշտպանության մեջ, վերջին 30 տարիներին ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պաշտպանել Հայաստանը և ԼՂՀ-ն, որտե՞ղ ենք թերացել մեր հետախուզության մեջ և հակահետախուզության մեջ, որովհետև հանրության շրջանում շատ է խոսվում, որ մեր հակահետախուզությունը լավ չի աշխատել, ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, ովքեր կորդինատներ և բազմաթիվ ինֆորմացիաներ են վաճառել: Այս հարցերի մասին պետ է խոսենք նաև մեղավորներ փնտրելու, բայց առաջին հերթին, նաև առաջիկա սպառնալիքները դրա միջոցով չեզոքացնելու ուղղությամբ:
Պարոն վարչապետ, կխնդրեի անդրադառնա ՊՆ և ԱԱԾ յուրաքանչյուր վարչությունից, դեպարտամենից ովքե՞ր են թերացել, ի՞նչ միջոցներ եք իրականացրել դրանք շտկելու իմաստով:Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, երիտասարդներ մեկնում են Արցախ օգնություն ցուցաբերելու և եթե հնարավոր է այս աշխատանքները ևս կորդինացվեն:
Նիկոլ Փաշինյան- Այսօր առավոտյան էլ, ինչպես ամեն օր, ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՀ նախագահի հետ: Ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի լավ տեմպ է սկսում արձանագրվել, իհարկե, այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթում գերազանցել է 1000-ը և տեմպն աճում է: Այն, ինչը որ դուք ասում եք առաջիկա ամենակարևոր անելիքն է՝աջակցել որ արցխացիները վերադառնան Արցախ: Նրանք՝ ում տները վնասված են՝ վերականգնվեն, նաև ենթակառուցվածները վերականգնվեն, տնտեսույունը սկսի աշխատել և սա ամենակարևոր անելիքն է, որի վրա Հայաստանի կառավարությունը և Արցախի կառավարությունը պետք է կենտրոնանան:
Իհարկե, կամավորների ներգրավումն այս գործընթացին շատ կարևոր է: Սպասվում է, որ հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան, ինչը միանշանակ կնպաստի Ձեր նշած գործընթացին, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Ձեր նշած մյուս հարցի վերաբերյալ հայտնեմ, որ չեմ կարծում, որ դա ճիշտ ռեժիմ է, որպեսզի մենք ասենք, որ բնակչությունն ունի տվյալներ, որ կորդինատներ են վաճառել հակառակորդին: Ես կարծում եմ, որ նման կոնկրետ դեպքերով պետք է քրեական գործեր հարուցվեն և, այո, մեղավորներ պետք է փնտրվեն, եթե այդպիսի դեպքեր կան: Բայց ուղղակի խոսել տեսականորեն դավաճանների մասին, ովքեր տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին՝ չեմ կարծում, որ այն ճիշտ ռեժիմ է: Այն քաղաքացիներն, ովքեր տվյալներ ունեն, պետք է այդ հարցով դիմեն իրավապահ մարմիններին:
Ինչ վերաբերում է մեր սխալներին: Վերջին 2.5 տարվա մեր սխալները եթե փորձենք ձևակերպել, ապա ես կարծում եմ պետք է արձանագրենք, որ մենք չենք կարողացել լրացնել այն ամեն ինչը, որը պետք է լրացնենինք: Բայց, օրինակ հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է: Մենք ձեռք ենք բերել ՏՈՌ համակարգեր, արդիականացված ԱՍՍԱ-ԱԿ համակարգեր և այդպես շարունակ: Այլ բան է, որ իրադարձությունների զարգացումն ի ցույց է դրել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար, մի պարզ պատճառով, որ վերջին ամիսների ընթացքում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում:
Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, ես կարող եմ ասել, որ մեր ընդհանուր, նկատի չունեմ որևէ կառավարության, ընկալմամբ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք մտածում էինք, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել: Մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառումն է, մյուսը, եթե հայտնի ձևով ձևակերպենք՝ ոչ մի թիզ հող: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվեինք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալն եղել է այն, որ մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել: Ի վերջո ուզում եմ կրկին ասել, եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք, 1998 թ-ից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում շոշափելի եղել է միայն մեկ որոշակի ձևակերպում ու գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանի վերադարձն է Ադրբեջանին: Միակ կոնկրետությունը բանակցային գործընթացում եղել է սա: Մեր մեծագույն մոլորությունը թերևս եղել է սա: Եկեք նայենք վերջին 20 տարում ինչ է տեղի ունեցել միջազգային ատյաններում: Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ, որոնք այս իրաղությունն ամրագրել և արձանագրել են: Մեր մեծագույն ռազմավարական սխալն այն է եղել, որ մենք երկու սցենարներից ընտրություն չենք կատարել: Նկատի ունեմ պատերազմի բացառումը կամ ոչ մի թիզ հողը: Մենք այդ երկուսը ուզեցել ենք համատեղենք, պետք է ընտրենիք դրանցից մեկը:
Մենք, անկեղծ ասած, փորձել ենք այդ ընտրությունը կատարել և ճիշտ ասած՝ կատարել ենք, այլ բան որ մենք 2.5 տարվա ընթացքում, այո, չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունն երաշխավորվեր:
Կարեն Համբարձումյան. Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծռայողների վերջնական թիվը, ի՞նչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:
Ն. Փաշինյան. Այդ պրոցեսը շարունակվում է, դրա համար թվերը փոփոխական են, համենայն դեպս կան տվյալներ Ձեր նշած բոլոր ուղղություններով, բայց դրանք չեն կարող վերջնական համարվել և գործընթացի ավարտից հետո, բնականաբար, բոլոր թվերը կհրապարակվեն։
Այստեղ մենք որոշակիորեն անհավասար պայմաններում ենք, որովհետև ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի օրենադրությամբ թիվ ընդհանրապես չի հրապարակվում: Սա շատ կարևոր նրբություն է, որ մենք պետք է հաշվի առնենք, քանի որ հիմա ամենաշահարկվող հարցերից մեկն այն է, որ Շուշիի համար պայքար եղե՞լ է, թե՞ չի եղել: Այդ հարցի պատասխանը ուղիղ տալիս է զոհվածների մարմինների ակռայությունը, ընդ որում, երկու կողմերից: Բա եթե պայքար չի եղել, այդ մարդիկ ո՞նց են զոհվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան