ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին հնարավորություն կտրվի հետևել գաղտնիք չպարունակող գնումների գործընթացին
«Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գործընթացին մասնակցելու հնարավորություն է տրվում գնումներին մասնակցելու հայտեր ներկայացրած մասնակիցներին, իսկ եթե այդ գնումը պետական գաղտնիք չի պարունակում, այդ դեպքում՝ ոչ միայն հայտ ներկայացրած մասնակիցներին, այլև ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին իր և Լիլիթ Մակունցի հեղինակած օրենքի նախագիծը:
Վերջինս նշեց, որ դրանով փորձ է արվում պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով ներդնել հանրային հսկողության թափանցիկ և հրապարակային համակարգ: Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով էլ սահմանվում է, որ որևէ անձ չի կարևող մասնակցել գնման գործընթացին, եթե նրա մերձավորը հանդիսանում է պայմանագրի կողմ, կամ եթե փայաբաժին ունի ընկերությունում:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 8 օրենքների նախագծերի փաթեթներից քվերակությամբ հաստատվեց միայն վերոնշյալ՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Մյուս 6 օրենքի նախագծերի քվեարկությունը հետաձգվեց, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդհանրապես հանվեց շրջանառությունից: