Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը հանվեց շրջանառությունից
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ներառվող 8 օրենքների նախագծերի փաթեթներ:
Առաջին հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրնքի նախագծին, որը հեղինակել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ Միքայել Մելքումյանը դահլիճում չէ և եթե մինչև դրա ավարտը չներկայանա, ապա նախագծի քննարկումը երկու ամսով կհետաձգվի:
Հանձնաժողովի փորձագետը հայտնեց, որ Միքայել Մելքումյանը նոր առաջարկություն չի ներկայացրել: Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ այդ դեպքում օրինագիծը շրջանառությունից դուրս է գալիս:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ ներկայումս Հարկային օրենսգրքում գործող կարգավորումներով ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը՝ այդպիսով գործատուներին զրկելով համախառն եկամտից շահութահարկի գծով նվազեցումներ կատարելու հնարավորությունից:
Ըստ օրենքի հեղինակի, տարբեր հիմքերով առաջացած ճգնաժամային իրավիճակներում օբյեկտիվորեն գործատուն ցանկանում է և անհրաժեշտ է, որպեսզի աշխատողներին տրամադրի տարբեր տեսակի օգնություններ, սակայն կաշկանդված լինելով 0.25 տոկոսը չգերազանցելու գործող կարգավորմամբ, չի կարողանում իրացնել ֆիզիկական անձանց անհրաժեշտ ծավալով օգնություն տրամադրելու իր իրավունքը:
Միքայել Մելքումյանն առաջարկել էր այդ շեմը բարձրացնել մինչև 0.5 տոկոսի: