ՊՆ-ում ակնկալում են, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
«Այսօր, նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։ Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի մոտ պաշտպանական ոլորտին վերաբերող գիտելիքների ճչացող պակասի։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձևն ու կրման կանոնները սահմանված են ՀՀ ՊՆ 24.12.2019թ. 1694 հրամանով։
Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլև բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից և սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով։
Ու եթե ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գոնե ի պաշտոնե, փորձեր հետաքրքրվել խնդրով, ապա կտեղեկացվեր, որ այդ համազգեստը շուրջ մեկ տարի է՝ ինչ կրում են ՊՆ քաղաքացիական ծառայողները։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը, «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողի, ովքեր ամեն օր պատվով կրում են այդ համազգեստը։
Ակնկալում ենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան բավարար խոհեմություն ու քաջություն կունենա և ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, հիմա դուք վերջապես պետք է գործեք
- Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․Շ․ Ստեփանյան
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին