Էրդողանը հայտարարում է Կիպրոսի համար «երկու առանձին պետությունների» ստեղծմամբ լուծման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կոչ արեց բանակցություններ վարել Կիպրոսում «երկու առանձին պետությունների» ստեղծման շուրջ՝ բաժանված կղզու հյուսիս վիճահարույց այցի ընթացքում, որը Թուրքիան գրավել է գրեթե հինգ տասնամյակ:
Կղզու վերամիավորման հիման վրա կիպրացի հույների և կիպրացի թուրքերի միջև 2017թ-ին ՄԱԿ-ի հովանավորությամբ վերջին խաղաղ բանակցությունները ձախողվեցին: Այս մասին գրում է Euronews-ը։
«Կիպրոսում կա երկու ժողովուրդ և երկու առանձին պետություն: Պետք է բանակցություններ լինեն, որոնք ուղղված կլինեն երկու առանձին պետությունների վրա հիմնված լուծմանը», - ժամանելուն պես հայտարարել է Էրդողանը, նշելով, որ վերամիավորման ծրագիրը այժմ պատկանում է անցյալին:
«Դուք չեք կարող չորացնել այսօրվա լվացքը երեկվա արևի լույսով», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային մասը 1974 թվականին՝ ի պատասխան հեղաշրջման, որը փորձում էր կղզին Հունաստանին միացնել:
Կիպրոսի Հանրապետությունը, որը միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է և Եվրամիության անդամ է, իր լիազորություններն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտու հարավում գտնվող կղզու երկու երրորդի նկատմամբ:
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը միջազգային ճանաչում է ստացել միայն Անկարայի կողմից, վերահսկում է կղզու հյուսիսային մասը, որտեղ տեղակայված են շուրջ 30,000 թուրք զինվորներ:
Հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Կիպրոսում աջակողմյան ազգայնական Էրսին Թաթարի նախագահ ընտրվելը կարող է փոխել իրավիճակը։ Ի տարբերություն իր նախորդ Մուստաֆա Ակինչիի, որը կողմ էր վերամիավորմանը, Թաթարը պաշտպանում է երկու պետության լուծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում